Երգչուհի ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ շատ հազվադեպ է երեւում էկրանին: Իսկ թե ուր է եւ ինչով է զբաղվում, իմացանք հենց իրենից: Պարզվեց՝ երգչուհին ամռան 22 օրն անց է կացրել Անգլիայում՝ մեկնել էր հանգստի, սակայն… “Ավելի շուտ հոգնել եմ, որովհետեւ Անգլիայում հանգստանալը ռեալ չէ, այնքան տեսարժան վայրեր կային”,-նշեց երգչուհին:
-Ո՞րն է պատճառը, որ շատ չեք երեւում:
-Երեւի հեռուստաընկերություններն են այդպես որոշել, ես անիմաստ եմ համարում անել ինչ-որ բան` անելու համար, իսկ եթե անում եմ, ուրեմն արժեքավոր ու ասելիք ունեցող պետք է լինի, բայց շատ կարճ ժամանակ է եթերում մնում: Չգիտեմ՝ հեռուստաընկերություններն ինչ լոգիկայով են շարժվում:
-Գուցե գումա՞ր են ուզում:
-Հնարավոր է, բայց համաձայնե՛ք, որ գումար պետք է տան այն մարդիկ, որոնք ներկայացնում են ոչ արժեքավոր ու անորակ արտադրանք: Չեմ կարծում, որ ես պետք է փող տամ, որ հեռուստաընկերությունը որակով բան ունենա իր եթերում: Առհասարակ ամբողջ աշխարհում հակառակն է տեղի ունենում:
-Հնարավո՞ր է՝ ներքին կոնֆլիկտ կա Ձեր եւ հեռուստաընկերությունների միջեւ:
-Երբեք որեւէ կոնֆլիկտ չեմ ունեցել, ամեն դեպքում, ցանկացած կոնֆլիկտից դուրս եմ գալիս՝ ընկերական ու բարիդրացիական հարաբերություններ հաստատած: Ում հետ էլ ես կոնֆլիկտ եմ ունեցել, ինձ հետ հարաբերություններ չի խզել, ես էլ՝ իր հետ:
-Իսկ ի՞նչ կոնֆլիկտներ են եղել:
-Ինչ էլ ունեցել եմ, եղել են դետալների վերաբերյալ, որեւէ լուրջ խնդիրներ չեմ առաջացնում, ինքս կոնֆլիկտային անձնավորություն չեմ:
-Լավ, այդ դեպքում ինչպե՞ս կարելի է հասկանալ հեռուստաընկերությունների նման անուշադրությունը:
-Դե երեւի դա օրինաչափ է, որովհետեւ այսօր սնկի նման այնքան են աճել երգիչները, որ ես չեմ ճանաչում նրանց, ու երեւի թե տեսահոլովակների քանակն էլ այնքան է շատացել, որ մերը չեն հասցնում ցույց տալ: Կամ էլ Ձեր ասածի պես նրանք են լավ փող տալիս, փող չտվողներին էլ չեն ուզում ցույց տալ: Հազար ու մի պատճառ կարող է լինել, բայց երբ ինձ հարցնում են, թե ինչու եմ քիչ երեւում էկրանին, պատասխանում եմ՝ դիմե՛ք հեռուստաընկերություններին, դա իմ խնդիրն ու մեղավորությունը չէ: Ես ներկայացնում եմ աշխատանք, որ արժեք ունի, ուզո՞ւմ են ունենալ արժեքավոր ու մակարդակով բան իրենց ալիքում, թող ցույց տան, չեն ուզում, պետք էլ չէ: Փառք Աստծո, ինտերնետի դար է, ու բոլոր այն մարդիկ, որոնք հետաքրքրվում են ասելիք ունեցող ու որակով արտադրանքով, շատ հեշտ կարող են գտնել կայքերում:
–Կա կարծիք, որ բազմազանություն պետք է լինի, թող հեռուստադիտողն ինքն ընտրի:
-Լավ երաժշտությունից ու կատարումից բան հասկացող մարդիկ այնքան քիչ են, որ կդժվարանան տարբերակել: Օրերս այդ տեսակ խնդրի հետ բախվեցի, երբ ասացի, որ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու նման երգող չկա, իմ զրուցակիցն ինձ ասաց. “Ինքը հոգով չի երգում”: Ի դեպ, նայում էինք վիդեո, ես էլ ասացի՝ պատկերն անջատե՛ք եւ ուղղակի լսե՛ք, մի՛ խաբվեք այդ մարդու դեմքի արտահայտությանը: Ոչ բոլոր մարդիկ են բեմում երգելիս հիստերիկություն անում ու դեմք ծամածռում: Ի պատասխան՝ ես լսեցի. “Ինձ դուր չի գալիս՝ ոնց է ինքը երգում”: Քեզ դուր չի գալիս, որովհետեւ իրականում դու չես հասկանում: Պետք է հասկանալ ու տարբերակել լավը վատից: Երբ մեկն ինձ ասում է Խվորոստովսկին լավ չի երգում, քանի որ իր դեմքի արտահայտությունը սառած է, ու ներքին ապրումները ժեստիկուլյացիայի ու հիստերիկ շարժումների միջոցով չի փոխանցում, էլ ի՞նչ ասես. դա նշանակում է, որ նա վա՞տ է երգում:
–Չհարցրի՞ք՝ իր համար ով է լավ երգում:
-Իհարկե հարցրի, չկարողացավ պատասխանել, ինքը չգիտի: Ընդ որում, դա ինձ ասաց մի մարդ, որը լավ է հասկանում պոեզիայից: Հանճարեղ կատարում էր հանճարեղ խոսքերով, բայց ինձ հավատացնում էր, որ բառերը լավը չեն: Էլ ի՞նչ խոսես այդ մարդու հետ: Բնականաբար, թեման փակվում է, ու մարդկանց 90 տոկոսն այդպես է ընկալում: Այդ ամենը շատ վիրավորական է դառնում երաժշտի համար:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթ 24.10.12.