Կիսապատերազմական վիճակում գտնվող մեր երկրի զինված ուժերում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ձեռամբ շրջանառության մեջ է դրվել «սեւ ցուցակ», որտեղ հայտնված զինվորները ծառայում են հայրենիքին հոգեպես ու ֆիզիկապես ընկճված վիճակում. նրանց անընդհատ հիշեցնում են՝ «դու սեւ ցուցկում կաս»: Ինչի՞ մասին է խոսքը: «Ժողովուրդ»-ին հասած ահազանգերն իմի բերելով՝ հանգեցինք այն եզրակացության, որ «սեւ ցուցակի» պատմությունը սկսվել է անցած զորակոչի ժամանակահատվածում: Ըստ այդմ, Սեյրան Օհանյանի հրամանով մի գովելի գործընթաց է սկսվել՝ ամեն գնով հայտնաբերել այն մարդկանց, որոնք կփորձեն «մաղարիչով» բանակում «լավ տեղ» ծառայել, եւ պատժել նրանց: Բնականաբար, գտնվեցին այդպիսիք: Ըստ լուրերի՝ հենց դրա համար աշխատանքից ազատվեց հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանը:
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ հենց այդ ընթացքում Սեյրան Օհանյանի յուրայինների ձեռամբ կազմվել է 70-հոգանոց սեւ ցուցակ, որում ընդգրկվածների համար ծանոթ-բարեկամները փորձել են փողով հարց լուծել հայոց բանակում: Եւ որպես պատիժ՝ այդ 70 նորակոչիկներին այնպիսի զորամասեր են տարել ծառայության եւ այնպիսի պայմաններում, որ, մեղմ ասած, անտրամաբանական է: Նշենք, որ ՊՆ-ն հաշվի չի առել շատ զինվորների առողջական վիճակը, ընտանեկան կարգավիճակը, որը շատ դեպքերում որոշ արտոնությունների օգտվելու հնարավորություն է տալիս եւ այլն: Այլ կերպ ասած՝ այսօր հայոց բանակում կուրը ստիպված է հրաձիգ լինել, սրտի հիվանդություն ունեցողը՝ վազել ու ընկնել շարքի մեջ, այն ծնողազուրկ նորակոչիկին, որն օրենքով իրավունք ունի իր ծննդավայրից 50 կմ հեռավորության վրա ծառայել, «աքսորել» են հարյուրավոր կիլոմետր հեռու եւ այսպես շարունակ: Այնպիսի տպավորություն է, որ կացնային մեթոդով ողջ բանակը պայքարում է հենց այդ 70 հոգու դեմ: Մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: