«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած էլէներգիայի սակագնի բարձրացման վերջին հայտին կից նյութերն ուսումնասիրելիս կարելի է կարծել, որ այս ընկերության ղեկավարությունն բոլորովին այլ իրականությունում է ապրում: Այդ նյութերի մեծ մասը ոչ թե հիմնավորում են սակագնի բարձրացման անհրաժեշտությունը, այլ հակառակը` հիմնավորում են, որ ներկայիս սակագինն էլ չափազանցված է:
Այսինքն՝ ՀԷՑ-ի տնօրինությունը համոզված, որ ՀԾԿՀ-ն չի համարձակվի իրեն հակաճառել եւ հրաժարվել էլէներգիայի սակագինը բարձրացնելուց, վատագույն դեպքում իրենց պահանջը մասնակի կբավարարի:
Էլէներգիայի սակագնի բարձրացման հայտերը սովորաբար դիտարկվում են միայն ընդհանուր հաշվարկային ցուցանիշների տեսանկյունից, իսկ դրանց հիմքում դրված հաշվարկները, պայմանագրերը եւ մնացած փաստաղթերը հիմնականում անտեսվում են: Բայց ամենակարեւոր տվյալները հենց այդ կից նյութերում են: Մասնավորապես, սակագնի հաշվարկի մեջ ներառված են նաեւ առաջիկա տարում իրականացվելիք վերանորոգման եւ շինարարության ծախսերը: Այդ նպատակով ՀԷՑ-ն առաջիկա տարում` 2015-ի հուլիսի 1-ից 2016-ի հունիսն ընկած ժամանակահատվածում, նախատեսում է ծախսել 8 միլիարդ 4 մլն դրամ: Երբ ուսումնասիրում ենք վերանորոգման եւ շինարարության համար գնվելիք ապրանքների գները, տեսնում ենք, որ դրանք ներկայացված են շուկայականից անհամեմատ բարձր: Ասենք, ցեմենտի գնման գինը նախատեսված է տոննան 57 հազար դրամ: Սա այն դեպքում, երբ անգամ անհատները մանրածախ ցեմենտը վաճառում են տոննան 56 հազար դրամով, իսկ մեծածախ արժի 45-ից 47 հազար դրամ: Ու եթե հաշվի առնենք, որ ՀԷՑ-ը տասնյակ տոննաներով է գնելու, ապա ակնհայտ է, որ այդ դեպքում գինն ավելի էժան կարող է լինել: Ասենք, պողպատյա մետաղալարի գինը ներկայացված է տոննան 560 հազար դրամ, ինչը եւս շուկայականից մոտ 100 հազարով ավել է, լուծիչի («ռաստվարիտել») գինը ներկայացված է 850 դրամ, ասենք, «Գնունու» շինանյութի շուկայում հենց այդ գինն է, բայց ՀԷՑ հարյուրավոր լիտրեր է գնելու, եւ նույնիսկ շուկայի առեւտրականները նման ծավալների դեպքում հաստատ ավելի էժան գին կառաջարկեն: Այս թվարկումը կարող ենք շարունակել, բայց անցնենք անշարժ գույքի վարձակալության թեմային:
Ասենք, Դիլիջանում վարձակալած 147,7 քառակուսի մետր մակերեսով տարածքի վարձակալության դիմաց ՀԷՑ-ը, ըստ հրապարակված պայմանագրի, վճարում է ամսական 385 հազար դրամ: Նույնիսկ Երեւանի կենտրոնում նույն մակերեսով տարածքի վարձավճարն այդքան չարժի: Մեկ այլ պայմանագրով ՀԷՑ-ը 1 մլն 110 հազար դրամով վարձակալել է 160 ք/մ մակերեսով բնակարան Երեւանի Արաբկիր թաղամասում, կամ 1 մլն 90 հազար դրամով բնակարան են վարձակալել Հյուսիսային պողոտայում, եւ այսպես շարունակ: Ուշագրավ է այն փաստը, որ բոլոր պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շինությունները եւ հողամասերը վարձակալվել են բավական համեստ գներով, իսկ, ասենք, մասնավոր տարածքների դեպքում անընդհատ հանդիպում ենք աստղաբաշխական թվերի: Ավելին՝ անհասկանալի է, թե ՀԷՑ-ն ինչու է թանկ գներով այդքան շատ շենք-շինություններ վարձակալել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀԷՑ-ն այդպես կոնկրետ մարդկանց ֆինանսավորել է, իսկ թե ով են այդ մարդիկ, միայն պատկան մարմինները կարող են պարզել:
ՀԷՑ-ի ներկայացրած փաստաթղթերի հետ կապված կա եւս մեկ խնդիր, ինչը ոչ միայն փաստում է, որ ներկայացված տվյալներն արժանահավատ չեն, այլ նաեւ բնորոշում է, թե այդ ընկերությունն ինչպես է վերաբերում ՀՀ օրենսդրությանը: Բանն այն է, որ կից նյութերում ներկայացված են ՀԷՑ-ի կողմից պատվիրված ուսումնասիրություններ, ինչպես նաեւ՝ մասնագիտական գրականություն:
Նկատենք, որ բոլոր փաստաթղթերը ռուսերեն են` առանց հայերեն թարգմանության: Միչդեռ ՀՀ օրենսդրությունը պահանջում է, որ փաստաթղթերը ներկայացվեն պատշաճ թարգմանությամբ: Այսինքն՝ ՀԷՑ-ը բացահայտ արհամարհում է ՀՀ օրենսդրությունը: Ու ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը փոխանակ ՀԷՑ-ից պահանջի, որ չոտնահարեն ՀՀ պետական լեզուն, վախենում է անգամ առաջարկված հայտը մեղմելու առաջարկ անել: Ու պետական անթասիբության այսպիսի դրսեւորմամբ էլ երկիր են կառավարում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՁԵՌԻ ՀԵՏ ՀԻՄՆԱԿԱՆԸ
Այսօր եւ վաղը ՀՀ ԱԺ-ում պետք է տեղի ունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը: Այն առաջին անգամ է Հայաստանում անցկացվում: Այդ հանձնաժողովում ՀՀ-ի ներկայացուցիչը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ սա նշված հանձնաժողովի հերթական նիստն է, բայց հյուրընկալողը Հայաստանն է: «Նիստի ժամանակ ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ իրենց տեսակետները կներկայացնեն ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ որպես նախկինում ՄԻԵԴ դատավոր, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, որից հետո տեղի կունենա քննարկում»,- պարզաբանեց Արփինե Հովհաննիսյանը: Այլ կերպ ասած՝ նշված հանձնաժողովի Հայաստան այցելելու նպատակը սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի եւ բուն նախագծի բովանդակությանը ծանոթանալն է: Սա եւս մեկ անգամ հաստատում է «Ժողովուրդ»-ի բազմիցս հրապարակած այն տեղեկությունը, որ սահմանդրական փոփոխությունների հիմնական նպատակը եվրոպական կառույցներին սիրաշահելն է:
«ԱՇԽԱՏՈՂԸ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքում կազմակերպված տեղական հանրաքվեի արդյունքներն անչափ գոհացրել են Հայաստանի ղեկավարության, եւ նրանք բավարարված են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «աշխատանքից»: Նշենք, որ Սյունիքում ամենահնազանդ քվեարկությունն է տեղի ունեցել: Հանրաքվեին մասնակցած բոլոր յոթ գյուղերի բնակիչները, այդ թվում նրանք, ովքեր վաղուց արտագաղթել են, միեւնույն է, կողմ են արտահայտվել խոշորացմանը եւ 94 տոկոսանոց արդյունք ապահովել: Այնպես որ, կարելի է կանխատեսել, որ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ հերթական միջադեպը եւս «կթաղեն», կգնա: Ի վերջո, մարդը ցույց է տալիս, որ իր պես ընտրություն «սարքող» չկա, հո զոռով չէ: Ինչպես կարող են ՀՀ իշխանությունները հրաժարվել նման անփոխարինելի կադրից: Իհարկե, ընթացքում մարդիկ են զոհվում, հաշմանդամ դառնում, բայց, դե, աշխատող մարդ է, «աշխատանքի» ընթացքում ինչեր ասես՝ լինում են:
ԴԱՏԱԽԱԶԸ ԿԳԱ
Այսօր, հնարավոր է, ՀՀ ԱԺ-ն սկսի լսել ՀՀ գլխավոր դատախազի հաղորդումը` 2014 թվականի գործունեության վերաբերյալ: Նշենք, որ դեռեւս մայիս 16-ին «Ժողովուրդ»-ը գրել էր՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ՀՀ ԱԺ-ում անձամբ է ներկայացնելու հաղորդում-հաշվետվությունը: Այս քննարկումը, որն իր տեսակով առաջինն է լինելու, կասկածից վեր է, որ բուռն ընթացք կունենա: Մի խոսքով, քաղաքական «մարտեր՝ առանց կանոնների»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՅ ԳԻՏԻ «ՔԱՌՅԱԿԸ»
ՀՀ էներգահամակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ԱԺ-ում արտահերթ քննարկման դնելու համար ՀԱԿ խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքը երեկ տապալվել է: 168.am-ի փոխանցմամբ` ՀԱԿ-ին հաջողվել է հավաքել ընդամենը 17 ստորագրություն: Բացի ՀԱԿ-ից՝ ստորագրել է ՕԵԿ-ն ամբոջությամբ, «Ժառանգություն» խմբակցությունը՝ բացառությամբ Ռուբիկ Հակոբյանի: Ընդդիմադիրներից ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չեն ստորագրել, մասնավորապես՝ ԲՀԿ-ն պատճառաբանել է, որ խմբակցությունում գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներ են կազմակերպում:
ՔԱՎՈՐԸ ԽԱՌՆՎԵՑ
Երեկ ԱԺ միջանցքում վիճաբանություն է տեղի ունեցել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի միջեւ: Պատճառը Փոստանջյանի կողմից հնչեցված մեղադրանքներն ու պնդումներն են՝ կապված Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի հետ: Սեյրան Սարոյանը, ով Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրանի քավորն է, բարկացած հակադարձել է Փոստանջյանի այն պնդմանը, թե Տիգրանը թմրամոլ է. «Ապացուցի, ո՞վ է ասում, սուտ ես խոսում դու, քու մարդն ու քու երեխեքն են նարկոման»: Փոստանջյանն էլ պատասխանել է, թե փորձաքննությունն է ապացուցել Խաչատրյանի որդու թմրամոլ լինելը, ինչին Սարոյանը արձագանքել է. «Ամոթ ա, բազմազավակ մայր ես, ուրիշի ջահել երեխուն պետք չի վարկաբեկել, լսի, է, կարանք ասենք` կռվարար ա, բայց ոչ նարկոման»:
ԿՄԵԿՆԻ
Մայիսի 18-19-ը Բրյուսելում կայանալիք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 125-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելգիա։
ԾԵԾԵԼՈՎ` ՀԱՆԴԻՊՄԱՆ
Երեկ՝ առավոտյան, Աբովյան քաղաքի շուկայի մի շարք առեւտրականներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի: Ըստ առեւտրականների՝ «Առինջ մոլ»-ի բացումից հետո իրենց գործը կանգ է առել, եւ շուկա մտնող գրեթե չկա: Բողոքի ակցիան, սակայն, երկար չի տեւել: Գագիկ Ծառուկյանի թիկնազորը՝ Էդոյի գլխավորությամբ, հավաքել է բողոքի ակցիայի հիմնական մասնակիցներին, բռնի ուժով, հարվածելով, քաշքշելով լցրել մեքենաներն ու տարել դեպի Առինջ գյուղ: Կատարվածի կապակցությամբ Ծառույկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրատվամիջոցներին ասել է, թե որեւէ բռնություն չի եղել Ծառուկյանի թիկնազորի կողմից. «Տոնավաճառի աշխատակիցներն ընդամենը խնդրել են, որ կազմակերպվի հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ, ինչը եւ տեղի է ունեցել։ Տրամադրվել են մեքենաներ, եւ առեւտրականները հնարավորություն են ունեցել հանդիպելու Գագիկ Ծառուկյանի հետ եւ ներկայացնելու իրենց խնդիրները»: Նշենք, որ բողոքի ակցիայի ժամանակ բռնության են ենթարկվել նաեւ Աբովյան քաղաքի հեռուստաընկերության լրագրողները, ովքեր արդեն դիմել են ոստիկանություն: Աբովյանի հ/ը-ը պատկանում է Ծառուկյանի հակառակորդ, Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված եւ դրա համար ՀՀԿ-ից հեռացված Արթուր Հարությունյանին` Պալաչին:
ՆԱՅԱԾ` ՈՒՄ ՀԱՄԱՐ
Ս.թ. մայիսի 15-ին Արմավիրի, Արագածոտնի, Վայոց Ձորի եւ Արարատի մարզերի մի քանի համայնքներում տեղացած կարկուտի նախնական վնասները հաշվարկելու նպատակով տվյալ համայնքներ մեկնած ՀՀ ԳՆ մասնագետների իրականացրած ուսումնասիրությունների եւ դիտարկումների վրա հիմնվելով` գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 15-ի կարկտահարության հետեւանքով պատճառված վնասների չափերը էական ազդեցություն չեն ունենա 2015 թվականի համար կանխատեսվող պտղի եւ խաղողի արտադրության ծավալների վրա: Նկատենք, սակայն, որ այդ կարկտահարությունը շատ ցավոտ հետեւանքներ կունենա հարյուրավոր գյուղացիների համար, որոնք ամբողջովին զրկվեցին իրենց այս տարվա բերքից: