ԵՐԲ ԵՍ ՔՆՆԻՉ ԷԻ, ՎԼ. ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԻՄ ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲՈՒՄ ՔՆՆԻՉ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի միջեւ օրեցoր սրվող միջգերատեսչական հակամարտությանը, ասաց, որ հակամարտության մասին խոսք լինել չի կարող, իսկ տարաձայնություններ կան ու կլինեն:

-Պարո՛ն Հովսեփյան, չնայած մշտապես ե՛ւ ՀՀ գլխավոր դատախազությունը, ե՛ւ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում են, թե երկու կառույցների միջեւ որեւէ հակամարտություն չկա, սակայն ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի որոշումներով նախկինում կարճված քրեական գործեր ուղարկվեցին ՀՔԾ՝ նոր քննության, եւ դրանցից մի քանիսով արդեն իսկ մարդիկ են ձերբակալվում: Արդյո՞ք սա չի վկայում հենց նման լարվածության առկայության մասին:
-Նախ դատախազություն-ՀՀ քննչական կոմիտե հակամարտություն, ինչպես Դուք օգտագործեցիք, եզրույթից բացի, օգտագործվում է նաեւ ուրիշ հարցադրում, օրինակ՝ Աղվան Հովսեփյան եւ գլխավոր դատախազ հակադրություններ: Ուրեմն որեւէ հակամարտություն, հակադրություն, անձնական հարաբերություններում անբարյացակամ մոտեցում երբեւէ չի եղել եւ չի էլ կարող լինել: Դատախազությունը, որտեղ ես աշխատել եմ 40 տարի, իմ տունն է եղել ու մնում է: Ես ավելի շատ իմ կյանքի ժամանակը դատախազությունում եմ անցկացրել, քան իմ բնակարանում, որտեղ ես ապրել եմ: Երբեւէ չեք լսել իմ կողմից նման որեւէ կարծիք կամ անբարյացակամ գնահատական. Ժամանակին նշվում էր, թե անբարյացակամ հարաբերություններ կան Աղվան Հովսեփյանի եւ Հայկ Հարությունյանի, ինչպես նաեւ՝ նախկին ոստիկանապետների կամ ներկայիս ոստիկանապետի՝ Վլադիմիր Գասպարյանի միջեւ: Ասեմ, որ Հայկ Հարությունյանը սովորել է նույն դպրոցում, որտեղ ես եմ սովորել, մենք եղել ենք մանկության ընկերներ: Մեր մեջ անբարյացակամ հարաբերություններ երբեք չեն եղել, մենք ընկերներ ենք, բայց նախկինում՝ որպես ՀՀ գլխավոր դատախազ, եւ Հայկ Հարությունյանը՝ որպես ոստիկանապետ, ունեցել ենք մի շարք հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, որի շուրջ, բնականաբար, վիճել ենք: Ավելին՝ Հայկ Հարությունյանին միջնորդագրեր եմ ներկայացրել ոստիկանության գործունեության հետ կապված, ինչից հետո եղել են ե՛ւ համաձայնություններ, ե՛ւ անհամաձայնություններ: Բնականաբար, նաեւ ծագել են աշխատանքային վեճեր, մասնավորապես, հանցագործությունների գրանցման, հաշվառման հետ կապված: Վլադիմիր Գասպարյանի հետ կապված. երկար ժամանակ շատ մտերմական հարաբերություններ եմ ունեցել: Երբ ես քննիչ եմ եղել, նա իմ քննչական խմբում աշխատել է որպես քննիչ: Մենք մշտապես ընկերներ ենք եղել, եւ անբարյացակամ հարաբերություններ չեն եղել: Եթե կա երեք իրավաբան, ապա նրանցից կարելի է լսել հինգ տեսակետ միեւնույն հարցի վերաբերյալ, եւ, բնականաբար, այս հարցերի շուրջ, թե՛ գիտական, թե՛ պրակտիկ լուծումների հետ կապված, միշտ վեճերը կան ու կլինեն: Արդարադատությունը հենց այս տարաձայնությունների արդյունքում է, որ պետք է իրականացվի: Եթե մենք բոլորս նույն կարծիքին լինեինք, ապա սա էլ Ձեր դուրը չէր գալու: Պատկերացրեք, եթե իրար հետ համագործակցված աշխատում ենք, Դուք կտեսնեիք կոռուպցիոն երեւույթ եւ շատ ճիշտ կանեիք, քանի որ չի կարող մի հարցի վերաբերյալ տարբեր գերատեսչություններ, թեկուզ գերատեսչական շահերից ելնելով, չունենան տարաձայնություններ: Ուստի այս ամենը վերագրել անձնական հարաբերություններին, մեղմ ասած, ճիշտ չէ, եւ օգտագործել, շահարկել լրատվական դաշտում, ուղղակի անթույլատրելի է:
-2014թ Դուք հայտարարեցիք, որ Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են, եւ դրանից անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրահանգեց Մարտի 1-ի տասը սպանությունների գործերն անջատել եւ առանձին քննել՝ այդպիսով փաստացի հերքելով Ձեր՝ վերը բերված հայտարարությունը: Ինչո՞ւ Գեւորգ Կոստանյանը հերքեց Ձեր հայտարարությունը:
-Ո՛չ, դա ներանձնական որեւէ անբարյացակամ վերբերմունքի արտացոլում չէ: ՀՀ գլխավոր դատախազությունը իրականացնում է իր գործառույթները, իսկ դատախազության հիմնական գործառույթներից մեկը դա նախաքննության, մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնելն է, բնականաբար, այդ հսկողությունն իրականացվում է օրենքով նախատեսված միջոցներով եւ սկզբունքներով: Եթե հսկող դատախազը համաձայն չէ նախաքննության մարմնի այս կամ այն որոշման հետ, ապա նա դրանից բխող լիազորութուններ ունի եւ օգտվելով դրանից՝ կարող է վերացնել, փոփոխել քննիչի որոշումները: Ի վերջո, համաձայն Սահմանադրության՝ դատախազության բացարձակ իրավունքն է դատարանում պաշտպանել մեղադրանքը: Մեր երկրում դատարանում մեղադրող կողմը դատախազությունն է, եւ, բնականաբար, դատախազությունը հետեւում է, որպեսզի օրենքով սահմանված ընթացակարգերով բոլոր ապացույցները ձեռք բերվեն: ՀՀ քննչական կոմիտեի քննիչները, աշխատակիցները կոչված են կատարելու իրենց լիազորությունները միջդատական վարույթի ընթացքում, նորից եմ կրկնում՝ օրենքի տարաբովանդակ, տարաբնույթ մեկնաբանությունները կարող են քննարկումների առիթ հանդիսանալ: Իսկ ինչ վերաբերում են Մարտի 1-ի գործերին, ապա իմ հայտարարությունը վերաբերում էր դատարան ուղարկված գործերին: Բնականաբար այնտեղ սպանությունների գործերով կա քննության եւ օպերատիվ որոնողական աշխատանքների ծավալ, որը կատարվել եւ, կարծում եմ, նաեւ կատարվում է, որպեսզի բացահայտվեն, պարզվեն չբացահայտված դրվագները: Նախկինում ինքս ե՛ւ ոստիկանության, ե՛ւ ԱԱԾ-ին օպերատիվ որոնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարականներ եմ ուղարկել կոնկրետ մահվան դրվագները բացահայտելու համար: Բայց, բնականաբար, կան գործեր, որոնք հեշտությամբ են բացահայտվում, կան նաեւ գործեր, որոնց բացահայտման համար զգալի բարդություններ են առաջանում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ
«Կարոլինա Ֆուդ» ընկերությունը, որ պատկանում է Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս նշանակված Սարգիս Թարվերդյանին, օրերս ՊԵԿ-ի կողմից տուգանվել է: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ մայիսի 7-ին ընկերության տնօրեն Սարգիս Թարվերդյանը Հայաստան է ներմուծել ինչ-որ ապրանքներ, որոնց վերաբերյալ 2 ամիս ուշ է հայտարարագիր ներկայացրել: Արդյունքում, գործարար հյուպատոս Թարվերդյանը տուգանվել է ընդամենը 50.000 դրամի չափով: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հյուպատոսի ընկերությունը օրենք է խախտում:
«Ժողովուրդ»-ը 2014թ գրել էր, որ հյուպատոսին պատկանող ընկերությունը հայտարարագրել է 2 հազար 784 շիշ 0,5 լիտրանոց օղի: Սակայն ՊԵԿ-ը պարզել էր, որ հայտարարագիրը սխալ է եղել. փաստաթղթերում պետք է նշվեր 1776 շիշ 0,5 լիտրանոց, 540 շիշ՝ 0,7 լիտրանոց եւ 120 շիշ՝ 1 լիտրանոց օղի, որոնց մաքսային կետի վճարը կազմում էր 10 մլն 490 հազար դրամ: Բայց այս դեպքում եւս ամենամեղմ պատժին արժանացավ Թարվերդյանը՝ դարձյալ տուգանվելով 50.000 դրամով:

 

ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդին` Արթուր Ալեքսանյանը, որը ապրիլի 21-ին կալանավորվել էր սպանություն կատարելու կասկածանքով, մինչ օրս հրաժարվում է ցուցմունք տալուց: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Սեւանում սպանվել էր Կառլեն Մնեյանը: Կառլենի սպանության մեղադրանքով հետախուզում էր հայտարարվել Հմայակ Թադեւոսյանի եւ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանվածի կինը՝ Ռուզաննա Դարբինյանն ասաց, որ անգամ հայտնաբերված չէ նախկին քաղաքապետի ընկերը. «Վստահ կարող եմ ասել, որ դեպքից անցել է մեկ ամիս, եւ մեզ ոչինչ հայտնի չէ, նախկին քաղաքապետի տղային կալանավորել են, բայց նա հրաժարվում է ցուցմունք տալ: Իսկ նրա ընկերոջը՝ Հմայակ Թադեւոսյանին, դեռ փնտրում են: Ի դեպ, տեղեկություններ տարածվեցին, թե նախկին քաղաքապետի որդին ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, սակայն Սեւանում բոլորը գիտեն, որ 6-րդ վարչությունն է նրան բռնել»:

 

ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի տղան «անհետ կորած է»: Հիշեցնենք, որ Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո՝ մայիսի 8-ին, Սուրիկ Խաչատրյանի որդին իր հոր վարորդի տղայի հետ մեկնել էր Կիեւ: Իհարկե, մայիսի 16-ին մարզպետի որդին ինքնակամ ներկայացավ ՀՀ քննչական կոմիտեի մարզային վարչություն, սակայն նրա ընկերը դեռեւս չի ներկայացել:
Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Տիգրան Խաչատրյանը քննչականում ցուցմունքներ տալիս շփոթվել է քննիչների հարձակողական հարցերից: Միգուցե մարզպետի որդին կարծել է, որ ինքնակամ ներկայանելով քննչական մարմին՝ իր նկատմամբ մեղմ կվերաբերվեն, սակայն հարցադրումներն անակնկալի են բերել նրան, ու նա դժգոհել է իր հետ վարվեցողության խիստ նոտաներից:

 

ՊԱՊԵՐԻ ԿԱՆՉՈՎ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հրավերով մայիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Աթենք` Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով:

 

ԱՆՀԵՏԱՑԵԼ ԵՆ
Բուդաղյանների շահերի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, թե Սյունիքի մարզպետի տան մոտ շուրջ երկու տարի առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպի գործից անհետացել են կարեւոր փաստաթղթեր, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը չի կատարել դատարանի որոշումը եւ չի ձայնագրել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների հեռախոսային խոսակցությունները: «Հեռախոսային օպերատորից քննիչը ստացել է հեռախոսային խոսակցությունների վերծանում՝ ով ում է զանգահարած եղել դեպքի ընթացքում, դեպքից առաջ, դեպքից հետո: Նշված է, որ տպագրվեց 26 թերթ, որոնք կցվեցին քրեական գործին: Եվ հիմա քրեական գործում 26 թերթի փոխարեն 16 թերթ է կցված»: Ըստ Ալումյանի՝ եթե հեռախոսային խոսակցությունների վերծանումներն անհետացած չլինեին, հնարավոր կլիներ պարզել, թե իրո՞ք քնած եղել է Սյունիքի մարզպետը, երբ իր տան մոտ սպանվում էր Ավետիք Բուդաղյանը. «Այն թերթերը, որոնք մնացել են քրեական գործում, այդ թերթերից չի հետեւում, որ դեպքի ժամանակահատվածում իր հեռախոսից զանգեր են եղել: Բայց եթե 26 թերթն էլ կցված լիներ, կարող է՝ պատկերը ուրիշ լիներ»:

 

ՄԵԴԱԼՆԵՐՈՎ
Սամբոյի Եվրոպայի 2015 թվականի առաջնության մրցումների վերջին օրը՝ մայիսի 17-ին, հայաստանցի մարզիկներից եւս մեկը՝ 68 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը, նվաճել է բրոնզե մեդալ: Այսպիսով, Հայաստանի հավաքականը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված առաջնությունից կվերադառնա հինգ մեդալով՝ մեկ ոսկե, մեկ արծաթե, երեք բրոնզե: Եվրոպայի չեմպիոն է դարձել Տիգրան Կիրակոսյանը, արծաթե մեդալ է նվաճել Էռնեստ Հայրապետյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Մաքսիմ Մանուկյանը եւ Վաչիկ Վարդանյանը:




Լրահոս