ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը արվել է Ազգային Ժողովի դիմաց

Երեկ նաիրիտցիները բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: Նրանք նախագահականում իրենց պահանջը ներկայացնելուց հետո շարժվեցին դեպի Ազգային ժողով, որտեղ գործարանի աշխատակիցներին մոտեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս տեղեկացրեց նաիրիտցիներին, որ նախարար Երվանդ Զախարյանը իրեն խոստացել է աշխատավարձերի մարում կատարել: Այդ խոստումը Փաշինյանը համարում է քաղաքական եւ չկատարելու դեպքում պետք է կոնկրետ հետեւանքներ ունենա:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ունեմ երեք երեխա: Չեմ աշխատում: Երրորդ երեխաս մեկ տարեկան է: Խնդրում եմ ասեք՝ ըստ օրենքի՝ կարո՞ղ եմ երեխայի միանվագ եւ խնամքի նպաստ ստանալ:

Հայկուհի Նավասարդյան ( 34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ Կառավարության 2014թ. մարտի 3-ի թիվ 275-Ն որոշման համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, երրորդ երեխայի ծնվելու դեպքում, կազմում է մեկ միլիոն դրամ: Երրորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը հինգ հարյուր հազար դրամ է: Ըստ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի` մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը, կամ միակ ծնողը, կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը: Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի իրավական ակտում նշված ամսից, իսկ համատեղությամբ աշխատելու դեպքում գործատուների՝ համապատասխան իրավական ակտերում նշված ամսից (անհամապատասխանության դեպքում` երկու գործատուների մոտ միաժամանակ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ամսից): Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` երեխայի խնամքի նպաստը նշանակվում է երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում, իսկ 5-րդ մասի` երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողը դիմել է երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագելուց հետո՝ 12 ամիս անց:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, լավ է, որ 2016 թվականից չաշխատող մայրերը նույնպես միանվագ օգնություն կարող են ստանալ: Ավելացնենք, որ ըստ վիճակագրության՝ չաշխատող մայրերի թիվը Հայաստանի Հանրապետությունում շուրջ 30 հազար է:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ հանրակրթական դպրոցներում ծնողները որոշակի գումար են վճարում գրքերի համար: Կցանկանայի տեղեկանալ՝ արդյոք նպաստառու ընտանիքների երեխաների համար գործում են որոշակի արտոնություններ: Եթե այո, ապա նրանք անվճա՞ր են ստանում գրքերը, թե՞ վճարում են գումարի մի մասը:

Խաչատրյան Սաթենիկ (65 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ կազմվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ցուցակ, որը հաստատվում է մանկավարժական եւ ծնողական խորհուրդների համատեղ նիստում: Նշված ցուցակում ընդգրկված երեխաներին տրամադրում են անվճար կամ որոշակի զեղչով դասագրքեր:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից պարզ է դառնում, որ սոցիալապես անապահով ընտանիքների աշակերտները կարող են օգտվել իրենց համար սահմանված արտոնություններից: Բայց այս դեպքում պատասխանում որոշակիություն եւ կոնկրետություն չկա: Ստացվում է, որ յուրաքանչյուր դպրոցի տնօրինություն այս հարցին յուրահատուկ մոտեցում է ցուցաբերում. ինչպես ուզում, այնպես էլ տնօրինում են սահմանված կարգը:




Լրահոս