Երգիչ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ որոշել է Հայաստանում բուռն գործունեություն չծավալել: Իր իսկ խոսքով` տարվա մեջ մի տեսահոլովակը բավական է, քանի որ ճիշտ չի համարում անիմաստ գումար վատնելը:
-Հետաքրքիր բան է կատարվում իմ կյանքում, երբեք չէի պատկերացնի, որ 30 տարեկանում ինչ-որ որոշման առաջ կանգնելիս պետք է այսքան երկար մտածեմ: Բայց իրականությունն էսպես է դասավորվել: Ժողովուրդը, կարծում եմ, նույնպես ականատես է այսօրվա երաժշտական տենդենցներին: Ես իմ սկզբունքներին հակառակ չեմ գնում, չեմ երգում այն, ինչն իմը չէ, շինծու բաներ չեմ սարքում:
Այսօր ես երաժշտական տարբեր միջազգային մրցույթներում ժյուրիի անդամ եւ պրոդյուսեր եմ: Շվեդիայում կայացող “Անդերսթար” մրցույթում արդեն 3 տարի շարունակ ես՝ որպես ժյուրիի անդամ, մասնակիցներ եմ տարել: Բոլոր դեպքերում էլ մրցանակներով ենք վերադարձել:
-Իսկ երգչի Ձեր կարիերա՞ն:
-Տարեկան մեկ տեսահոլովակով որոշել եմ Հայաստանում սահմանափակվել, թող անհամեստություն չթվա, բայց չեմ ուզում իջեցնել իմ գինը, նմանվել շատերին, ուզում եմ տարբերվել: Գիտեմ ինքս ինձ, իմ անհատականությունը, չեմ պատրաստվում մասսաների հետ խառնվել:
-Ի՞նչ մասսաների:
-Այն մասսաների, որ երգում են նույն ոճում, նույն տեղերում ու նույն երգահանի երգերը: Ես ժամանակ առ ժամանակ անում եմ իմը: Փետրվարի սկզբին թողարկել եմ տեսահոլովակ, որը դեռեւս եթերում է: Տարին մեկ նորություն` խնդրեմ: Ճիշտ չեմ գտնում դեպի քամի վատնել ավելորդ գումարներ: Հարսանիքներին երգում եմ, տա Աստված` էլի լինեն հրավերներ: 6/8 չեմ երգում, էստրադային շարք եմ կատարում:
-Ի՞նչը Ձեզ չի բավարարում հայկական շոու բիզնեսում:
-Ճաշակը, մակարդակը, ինտելեկտը, յուրահատկությունը… Ոչ թե չի բավարարում, չի հերիքացնում:
-Ստացվում է` երգիչ-երգչուհիները լավորակ երաժշտություն չե՞ն մատուցում:
-Կասեի՝ քչերն են լավորակ բաներ ներկայացնում, բայց, փաստորեն, դա բավարարում ու գոհացնում է հասարակությանը: Կարո՞ղ ես ասել, որ Քրիստինե Պեպելյանը, Հասմիկ Կարապետյանը կամ Շուշանը Պետրոսյանն անճաշակ երգչուհիներ են, իսկ ո՞ւր են նրանք, պասիվություն են դրսեւորում:
-Հավանաբար հիասթափվել են:
-Իհարկե, բոլորն են հիասթափվել: Եթե այսօր դու դուրս ես գալիս, ու հանդիսատեսը քեզնից ակնկալում է, որ կսկսվի պորտապարը կամ երկու ձեռքով տաշի-տուշին, արդեն հիասթափեցնում է: Մեզ մոտ կա չալաղաջա-խորովածային կուլտուրա, որի ընթացքում պետք է հնչի դհոլը, զուռնեն, դուդուկը: Փաստորեն, բոլորի գործերն այնքան են լավացել, որ միայն դա են ուզում լսել: Ես ինքս եմ դրա տակ պարում, որեւէ հայկական հարսանիք չեմ պատկերացնում առանց դրա, բայց ամեն ինչին չափ կա: Մենք վոստոկ ենք, չէ՞, բայց մենք վոստոկանում ենք, ես ամաչում եմ արտասահմանյան իմ ընկերներին ներկայացնել այժմյան հայկական էստրադան:
-Ե՞րբ ու ինչի՞ց սկսվեց այս ամենը:
-Երբ Հանրային հեռուստաընկերության եթերում սկսեցին ինձանից եւ ինձանից բարձր մարդկանց կողքին հայտնվել այնպիսի մարդիկ, ում համար տարիներ շարունակ Հանրայինի դռները փակ էին, երբ ռեստորանային երաժշտությունը, որն առանձին մշակույթ է, բերվեց հեռուստատեսություն: Այդ ժամանակվանից էլ բոլորս սկսեցինք մանր-մանր քայլերով հիասթափվել:
-Այդ դեպքում ինչո՞ւ Ձեր գործընկերների հետ չփորձեցիք կանխել կամ գոնե ասել` ի՞նչ եք անում:
-Ախր ինքներդ էլ լավ գիտեք, որ այսօր ամեն ինչ պայմանավորվելով է: Իսկ ո՞վ է ասել, որ դա մեր ոլորտում չկա: Ես ուղղակի անիմաստ եմ համարում ծանոթի միջոցով մեկին գումար տալ, որ ելույթ ունենամ կամ տեսահոլովակս ցույց տան: Ինձ մոտ երբեք նման դեպք չի եղել ու չի էլ լինի:
-Ունե՞ք մշտական աշխատանք:
-Ո՛չ, երգում եմ միայն մասնավոր միջոցառումներին, բայց չեմ քննադատում իմ այն կոլեգաներին, որոնք աշխատում են ակումբներում: Ես հասկանում եմ՝ նրանք այլընտրանք չունեն:
-Ֆեյսբուքյան Ձեր էջում մի աղջկա հետ լուսանկարներ կան, Ձեզ միասին տեսա նաեւ Քրիստինե Պեպելյանի մենահամերգին: Ձեր ընկերուհի՞ն է:
-Նա շատ մոտ ընկերուհի է, նաեւ օգնական:
-Նաեւ սիրելի՞:
-Ո՛չ, լավ ընկեր է: Երեւի տարիքի հետ է գալիս, առաջ սիրում էի մենակ տեղ գնալ, հիմա անհետաքրքիր է միայնակ ինչ-որ տեղ գնալը: Եթե ունեմ հնարավորություն, իմ ընկերներին տեղ եմ հրավիրում: Ինչ վերաբերում է անձնականիս, իմ ընտանիքում չի եղել այնպիսի բան, որ ինձ ստիպեն ամուսնանալ: Ճիշտ չեմ գտնում ուրիշների աչքերին թոզ փչելը կամ հարեւանի համար ամուսնանալը: Այս պահին ես ամենից շատ հոգեպես հանգստության կարիք ունեմ:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ