Բացվել է Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ վերակառուցված դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցով, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ կրթական ծրագրերին: 
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դպրոցում ստեղծվել են նախամասնագիտական կրթության ժամանակակից պայմաններ: Ճարտարապետաշինարարական համալսարանը ձեռնամուխ է եղել նաեւ կրթության բովանդակության փոփոխությանը. դպրոցում կիրառվում է խորացված նախամասնագիտական կրթության մոդելը, որտեղ դասավանդում են բուհի լավագույն դասախոսները: Այստեղ կներդրվի նաեւ կրեդիտային համակարգ, ինչը որոշակի դեր կխաղա աշակերտների՝ բուհ ընդունվելու ժամանակ:
Հանրապետությունում մի շարք ավագ դպրոցներ հանձնվել են տարբեր բուհերի եւ դրանք դարձել են բուհական համալիրների բաղկացուցիչ մաս, որտեղ հնարավոր կլինի խորությամբ ուսանել այն մասնագիտությունների առարկաները, որոնցով պետք է աշակերտներն ընդունվեն բուհ:  
Վարչապետը հավաստիացրել է, որ կրթական բարեփոխումները հանդիսանում են ՀՀ կառավարության առաջնահերթություններից եւ պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի հայաստանյան համալսարանները մրցակցության մեջ չզիջեն Եվրոպայի լավագույն բուհերին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ, գիտության եւ կրթության բնագավառներում ունեցած նշանակալի վաստակի համար ԵՃՇՊՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի կապակցությամբ, գիտության եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգեւատրվել՝ ԵՃՇՊՀ պրոռեկտոր, կրթական բարեփոխումների վարչության պետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Արեստակ Սարուխանյանը եւ ԵՃՇՊՀ էկոնոմիկայի, իրավունքի եւ կառավարման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Ստեփանյանը: Պարգեւները հանձնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի կապակցությամբ, գիտության եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգեւատրվել ԵՃՇՊՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկան, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը եւ ԵՃՇՊՀ միջազգային կապերի դեպարտամենտի պետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդգես Եղոյանը: Մի շարք անձինք արժանացել են նաեւ վարչապետի շնորհակալագրերի:
ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին պարգեւատրել է բուհի “Ջիմ Թորոսյան” հուշամեդալով:




Լրահոս