Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Facebook-ի իր էջում գրել է.
Վերջին օրերին շատ մեծ ուշադրությամբ հետևում եմ քաղաքական դաշտում ընթացող զարգացումներին և որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ դրանց տրամաբանությունը: Ակնհայտ է մի բան. նախագահական կառավարման համակարգ ունեցող երկրի համար, թերևս, ամենակարևոր քաղաքական իրադարձությունը Նախագահի ընտրություններն են, որոնց մնացել է մոտ երկու ամիս ժամանակ:
Պարզվում է, որ քաղաքական դաշտում ակտիվ գործունեության ծավալող քաղաքական կուսակցությունները, որոնց մի մասը ներկայացված է նաև խորհրդարանում դեռևս չեն կարողանում հստակեցնել իրենց դիրքորոշումը այդ ընտրությունների վերաբերյալ: Զարմանալին այն, որ մոտ երկու ամսից կայանալիք կարևորագույն քաղաքական գործընթացների վերաբերյալ դեռևս տեսակետ չունեցող գործիչները քննարկում են ծավալում մոտ չորսուկես տարի հետո կայանալիք խորհրդարանական ընտրությունների, մասնավորապես Ազգային ժողովի կազմավորման մեխանիզմների վերաբերյալ:
Քաղաքական համակարգի օրակարգը, ժամանակի իմաստով արդիական խնդիրները հեռանկարային խնդիրներից չտարբերելը, կարծում եմ, այլևս չի տեղավորվում օբյեկտիվ բացատրությունների տրամաբանության մեջ: Արդյո՞ք հիմա է այն ժամանակահատվածը, երբ քաղաքական ուժերը պետք է քննարկեն սահմանադրական փոփոխությունների (կառավարման այլ համակարգի անցնելու համար) և ընդամենը մի քանի ամիս առաջ ձևավորված խորհրդարանի կազմավորման մեխանիզմներին վերաբերող հարցերը: Մի՞թե հնարավոր չէ խնդիրները քննարկել ըստ իրենց տրամաբանական հաջորդականության: