ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստն էր, որի ժամանակ քննարկվել է դեկտեմբերի 15-ին ՀՀԿ արտահերթ համագումարի օրակարգը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մոտեցավ շենքի դիմաց հավաքված մի խումբ արմավիրցիների, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել ի պաշտպանություն Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սեւակ Մինասյանի, որը շաբաթներ առաջ կալանավորվել է խուլիգանության համար:
Նախ նշենք, որ նիստին ներկա չէր միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի բնութագրմամբ, հարգելի պատճառով էր բացակայում: Սակայն Հ. Աբրահամյանի խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ԱԺ նախագահը գտնվում է Մոսկվայում: Նա «Գոլդեն փելես» ռեստորանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված ճաշկերույթ-դրամահավաքին:
ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո Շարմազանովը հայտարարեց, որ քննարկել են միայն ՀՀԿ-ի արտահերթ համագումարի օրակարգը: Ապա, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, թե առաջիկայում մի շարք դիմակազերծումների ականատես կլինենք. «Դիմակազերծում ասելով՝ նկատի ունեմ բոլոր այն քաղաքական ուժերին եւ գործիչներին, որոնք ստիպված են լինելու հանել իրենց դիմակները, որպեսզի հասարակությունը տեսնի նրանց իրական դեմքը»: Այլ չակերտներ չբացեց:
Նշենք, որ ինչպես նախորդ անգամ, այնպես էլ երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին դիմավորեցին բողոքի ակցիայի մասնակիցները: ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքված արմավիրցիները վանկարկումներով անձամբ էին ցանկանում իրենց խնդիրը փոխանցել ՀՀԿ առաջնորդին: Սարգսյանն էլ շենքից դուրս գալիս «հպարտ» քայլերով ու ժպիտով մոտեցավ քաղաքացիներին ու հայտարարեց, որ անպայման կծանոթանա նրանց խնդրին:
Վստահ կարելի է ասել, որ եթե առաջիկայում նախագահական ընտրություններ չլինեին, Սարգսյանն այդպես պատրաստակամորեն չէր մոտենա «բողոքող մասսային»: Ավելին, բազում դեպքեր են եղել, երբ նա արագ նստել է մեքենան ու սլացել:
Ինչեւէ, ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին ձեռքով «ցտեսություն» անելուց հետո կրկին բարձրացան ՀՀԿ գրասենյակ՝ Էդ. Շարմազանովի ծննդյան օրը նշելու: Առանձնակի ոգեւորությամբ ՀՀԿ շենք վերադարձավ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, ապա Ռազմիկ Զոհրաբյանը, Գագիկ Մելիքյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այդպես էլ չմիացան խրախճանքին:
Հ.Գ. Մինչ խնջույքի մեկնարկը, «Ժողովուրդ»-ն ԱԺ փոխխոսնակից փորձեց պարզել, թե ինչ նվերներ է ստացել ծննդյան օրվա կապակցությամբ. «Տարբեր նվերներ. գրիչ եմ ստացել, աղջիկս դասի գնալուց առաջ սիրուն բացիկ էր գրել. «Շնորհավոր, հայրի՛կ ջան», դա իմ ամենաթանկ նվերն էր, տղաս «Ես իմ անուշ Հայաստանի»-ն է կարդացել, երգել է, էլի ուրիշ ստեղծագործություններ: Մայրս է առավոտյան ճակատս համբուրել, եղբայրս է եկել  Վանաձորից, բայց դեռ չեմ տեսել: Ասացին, որ տանն է: Ընկերներս են եկել ԱԺ, շնորհավորել, Գալուստ Գրիգորիչը, պարոն Աշոտյանը, իմ բոլոր ընկերները, այսքանը»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս