Դերասանուհի ՆԱԻՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Նկարահանվել է «Փնտրվում է միլիոնատեր», «Արտիստը» ֆիլմերում, տարբեր նախագծերում եւ սերիալներում, բացի այդ, 8 տարուց ավելի աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Նրա կարծիքով՝ ֆիլմարտադրողներն ավելի շատ պետք է մտածեն՝ ում են նկարահանում իրենց սերիալներում ու ֆիլմերում, որպեսզի որակ լինի:
-Դերասաններից շատերը նշում են, թե սերիալում նկարահանվելուց առաջ մտահոգվում են, որ հետո չասեն. «Վա՜յ, սերիալի աղջիկը»:
-Բա որ սերիալում ենք նկարվում, ի՞նչ ասեն: Ես առհասարակ չէի ուզում նկարահանվել, քանի որ չէի սիրում տեսախցիկ, կենդանի արվեստ ու շփում էի սիրում, բայց հետո հասկանում ես, որ քո արվեստը միայն դրանով չի սահմանափակվում: Նախընտրում եմ լինել բեմում, անշուշտ, գեղարվեստական ֆիլմում եւ, ինչու ոչ, նաեւ սերիալում, որովհետեւ սերիալն ինչ-որ կերպ օգնում է դերասանին ճիշտ աշխատել տեսախցիկի հետ:
-Իսկ ինչո՞ւ այլեւս չեք աշխատում Սունդուկյան թատրոնում:
-Այս տարի հրաժարվեցի ինքս, որովհետեւ կան ուսանողներ, որոնք պետք է ավելի շատ առիթ ունենան բեմում հայտնվելու, որպեսզի այդ նոր սերնդի քթներն ավելի իջնի, ինչ-որ շատ է բարձրացել: Հիմա ամեն երկրորդ մարդ էնպես է նայում քեզ, կարծես ինքն իր կյանքում էնքան բան է արել այս մասնագիտության մեջ, որ մենք ո՞վ ենք որ:
Պետք չէ սխալ մեկնաբանել ու հասկանալ դերասանի մասնագիտությունը, դա դեր ասել չէ, արտիստ է, որը պետք է ե՛ւ դերը խաղա, ե՛ւ պարի, ե՛ւ երգի: Մեր մասնագիտությունն անհատի գործ չէ, խաղընկեր գոյություն ունի. «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքն է:
-Կա տարածված կարծիք, որ դերերը հասնում են նրանց, ովքեր գեղեցիկ են, երիտասարդ: Նկատե՞լ եք, որ Ձեր արտաքինն օգնում է Ձեզ:
-Իմ արտաքինն ինձ միշտ խանգարում է: Կյանքում ես շատ ուրիշ եմ, ավելի նուրբ ու փոքր, էկրանին մի քիչ այլ կերպ եմ երեւում: Ինձ տեսնողները միանգամից արձագանքում են, զարմանում. «Վա՜յ, էս Դո՞ւք եք»: Իհարկե, արտաքին տեսքը պետք է կերպարին համապատասխան լինի, բայց շատ կարեւոր է նաեւ խոսքը, դերասանի կեցվածքը:
-Նկատել եմ, որ Ձեր խաղացած բոլոր կերպարները մի տեսակ համարձակ են, գայթակղիչ: Նմա՞ն եք Ձեր հերոսուհիներին:
-Կյանքում չեմ փորձում երեւէ մեկին նմանվել կամ հատուկ ինչ-որ բաներ անել: Համարձակ կերպարներին էլ շատ նորմալ եմ վերաբերվում:
-Եթե մի քիչ մերկանալու խնդիր լինի, թեկուզ ոչ ամբողջությամբ, կհամաձայնե՞ք:
-Ոչ ամբողջությամբը ո՞րն է:
-Օրինակ բերեմ Նազենի Հովհաննիսյանին` «Սպանված աղավնի» ֆիլմում: Նա ցուցադրեց իր մեջքն ու ոտքերը, բայց շատերը դա համարեցին մերկություն:
-Տեսե՛ք, իմ կարած գրեթե բոլոր զգեստների մեջքը բաց է, դիմացն էլ` դեկոլտե: Եթե դա Հայաստանում մերկ են համարում, ի՞նչ ասեմ: Իսկ մերկանալու համար պետք է ունենալ կատարյալ մարմին: Ես կատարյալ մարմին ունեմ կյանքում եւ բեմում, բայց էկրանին այն կրկնապատկվում է, ինձ դուր չի գալիս: Երբ իմ մարմինը կհասնի էկրանի կատարելության, գուցե եւ…
Կապ չունի հագուստով, թե մերկ, եթե այդ ամենը ներկայացվում է գեղեցիկ, գեղագիտորեն աչքին հաճելի, ահավոր բան չկա: Չնայած այս վերջերս այնքան շատ են հանվում, ժամանակն է հագնվելու: «Դոն Ժուան ավիա» ներկայացման մեջ իմ գիշերազգեստն էլ բավական թափանցիկ է, մարմնիս կառուցվածքը լավ էլ երեւում է:
Մի բան գիտեմ՝ ես սիրով եմ անում իմ գործը: Բայց եթե զգամ, որ հեռուստադիտողը կամ հանդիսատեսն ինձ նայելիս ոչինչ չի զգում, չի ժպտում, լալիս, ես չեմ կարողանում ազդել նրա վրա, միանգամից կհրաժարվեմ իմ աշխատանքից:
-Իսկ ինչպիսի՞ն է հեռուստադիտողի արձագանքը դրսում:
-Նախ հասկանանք` ովքեր. կանա՞յք, թե՞ տղամարդիկ: Կա կանանց տեսակ, որոնք ինձ ատում են, մտածում են՝ ինչու պետք է իրենց կողքի տղամարդիկ նայեն ինձ: Շատ են նաեւ աղջիկներն ու կանայք, որոնք ինձ սիրում են, հետաքրքրվում իմ ոճով` մեծ մասամբ սանրվածքով: Տատիկ-պապիկներն են ինձ շատ սիրում: Ինչ վերաբերվում է տղամարդկանց, լինում են դաստիարակված տղաներ, որոնք հարգանքով են վերաբերվում, բայց պատահում են նաեւ այլ կարգի տղաներ: Բնավ չեմ նեղվում, որովհետեւ դու չես կարող բոլորին հետաքրքրել:
-Իրականում՝ էկրանից այն կողմ, ինչպիսի՞ն եք:
-Ընկերներիս համար շատ ակտիվ, նրանք այդպես էլ չտեսան՝ ես տխուր լինում եմ, թե ոչ: Իսկ իրականում, երբ տանը մենակ եմ, շատ պասիվ եմ, հանգիստ: Սիրում եմ խոհանոց, համեղ եմ պատրաստում, մեծ մասամբ իմպրովիզներ եմ անում: Դիզայներական ձիրք էլ ունեմ, իմ բոլոր երեկոյան զգեստներն ինքս եմ կարում: Սիրում եմ երգել, երաժշտություն լսել, ուղղակի ժպտալ:
-Անձնականի մասին ի՞նչ կասեք, նշանվել էիք, ե՞րբ եք ամուսնանալու:
-Ճիշտ նկատեցիք, նշանվել էի, հիմա արդեն էլ նշանված չեմ: Ես շատ լուրջ եմ մտածել բաժանվելուց առաջ: Իմ նախկին նշանածի հետ էլ շարունակում եմ շփվել, թշնամաբար չենք բաժանվել:
«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀԱԳՆՎԵԼՈՒ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ