ԱԺ ՀՀԿ խմբակցության մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով “Ժողովուրդ”-ի հարցին, թե ինչու են Հանրապետական կուսակցությանը նյարդայնացնում “Բարգավաճ Հայաստան”-ի սկսած կոնսուլտացիաները, ասաց. “Մի անգամ էլ խորհրդարանական ընտրություններից առաջ ինչ-որ մեկը կրկին նման բան արեց, կոչ արեցին, համախմբվեցին, միասնական շտաբ ստեղծեցին, ու արդեն բոլորն էլ տեսել են, թե դրանից ինչ ստացվեց”:
–Պարո՛ն Շարմազանով, ԲՀԿ-ի սկսած քաղաքական կոնսուլտացիաների շարքը ինչո՞ւ է այդքան նյարդայնացնում ՀՀԿ-ականներին: Վերջին ժամանակաշրջանում ՀՀԿ-ականները անընդհատ “ագրեսիվ” են պատասխանում ԲՀԿ-ի յուրաքանչյուր առաջարկին՝ տարատեսակ դիմակազերծումների սպառնալիքներով:
-Ընդհակառակը, ես չեմ կարծում, որ դա ՀՀԿ-ին նյարդայնացնում է: Բոլորը խոսում են, որ ՀՀԿ-ն շատ վստահ է ու ընդհանրապես չի էլ հետաքրքրվում ԲՀԿ-ի այդ պահվածքով:
–Իսկ ովքե՞ր են այդ ,բոլորըե, որ խոսում են ՀՀԿ-ի ինքնավստահության մասին:
-Նշեցի, որ բոլորն են խոսում, իսկ ո՞վ է ասում, որ ԲՀԿ-ն ուզում է քաղաքական դաշտը համախմբել:
-ԲՀԿ-ն հրավիրել է բոլոր քաղաքական ուժերին քաղաքական կոնսուլտացիաների, չգիտե՞ք:
-Ուրեմն մի անգամ էլ խորհրդարանական ընտրություններից առաջ ինչ-որ մեկը կրկին նման բան արեց, կոչ արեցին, համախմբվեցին, միասնական շտաբ ստեղծեցին, ու արդեն բոլորն էլ տեսել են, թե դրանից ինչ ստացվեց: Դրանից եղավ այն, որ Հանրապետական կուսակցությունը պառլամենտական ընտրությունների ժամանակ համոզիչ հաղթանակ տարավ: Ես, այդ ամենի հետ կապված, այլեւս որեւէ բան չունեմ ասելու, ես պարզ ասացի, թե մենք նման դեպքերից հետո ինչի ենք ականատես եղել:
-ՀՀԿ-ին չի նյարդայնացնում նաեւ այն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում “Տարվա մարդ” կոչմա՞նն է արժանացել: Չէ՞ որ այդ տիտղոսին արժանացան տարբեր երկրների նախագահներ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
-Ո՞վ է տվել տարվա լավագույն մարդ, պետությո՞ւնն է տվել: Մեր երկրում նման մրցանակաբաշխություններ չկան:
-Ո՛չ, երկրից դուրս՝ Մոսկվայում է այդ մրցանակին արժանացել Գագիկ Ծառուկյանը:
-Ցավդ տանեմ, ով որ տվել է, իրե՛նց հարցրեք, երկրում այնքան բաներ կան, լավ է չհարցրիք, թե ինչու Ձեզ “Օսկար” չեն տվել:
–Պարո՛ն Շարմազանով, Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անուն ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Ի վերջո, ի՞նչ են որոշել անել ՀՀ իշխանությունները, ինչպե՞ս եք այդ հարցը լուծելու:
-Մենք այդ հարցը դեռեւս չենք քննարկել, կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ հարցն ուղղել կառավարության մեր գործընկերներին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ