ԻՐԱՆՈՒՄ ԱՆՋԱՏԵԼ ԵՆ ՀԱՄԱՑԱՆՑԸ, ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մագրիբի երկրներում սկիզբ առած ժողովրդական հուզումները հասան հարեւան Իրան:Երկու օր է Թեհրանի հրապարակներում եւ փողոցներում ընթանում են  մարտեր, մի կողմից քաղաքական ազատություններ պահանջող ցուցարարների, մյուս կողմից`  ոստիկանության եւ կիսառազմականացված  կրոնական խմբավորումների միջեւ:Իրանի իշխանությունը պաշտոնապես ողջունեց Թունիսի եւ Եգիպտոսի հեղափոխությունները, քանզի ստիպված էր դա անել: Թունիսի եւ Եգիպտոսի նախկին նախագահներ Բեն-Ալին եւ Հոսնի Մուբարաքը ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցներն էին, իսկ նրանց  տապալումը, ժանրի կանոններով, չէր կարող ողջունելի չլինել  Իրանի վարչակազմի կողմից: Սակայն, երբ Իրանի ընդդիմությունը ցանկություն արտահայտեց՝ ի նշան համերաշխության  անցկացնել ցույցեր, վարչակազմը խոստացավ դաժանորեն ճնշել ցանկացած ելույթ: Արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ, կալանավորվածների թիվը հասնում է հազարի, որոնց մեջ են ընդդիմության առաջնորդներ Մուսավին եւ Կուրաբին: Իրանում անջատված է համացանցը, բջջային կապը, արգելված է արտասահմանյան լրատվամիջոցների աշխատանքը: Երեկ ամբողջ օրը Իրանի պետական հեռուստատեսությունը  ցուցադրում էր կադրեր ոչ թե Թեհրանից, այլ` Բահրեյնից, որտեղ շիա մեծամասնությունը  նույնպես դուրս է եկել սուննի իշխանությունների դեմ:  Հատկանշական է, որ ցույցերը սկսվեցին հենց նույն օրը, երբ Թեհրան պաշտոնական այցով  ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը, որին բոլոր արարողակարգային խախտումներով, օդանավակայանում դիմավորեց նախագահ Ահմադինեջադը: Որքան էլ բոլոր բռնատիրական  եւ ավտորիտար վարչակազմերը ունեն ընդհանրություններ, այնուամենայնիվ, կոնկրետ Եգիպտոսի եւ Իրանի տարբերությունը  բավական  մեծ է: Իրանի վարչակազմը բացի բանակից, նաեւ հենվում է լուրջ ռազմական պոտենցիալ ունեցող «հեղափոխության պահապանների կորպուսի» վրա, որը ֆանատիկորեն կենթարկվի ռեժիմի ցանկացած հրահանգին: Այս ուժը  իր դաժանությամբ հատկապես աչքի ընկավ 2009 թվականի խռովությունները ճնշելու ժամանակ, երբ Թեհրանի համալսարանում արյան մեջ խեղդեց ուսանողության  ելույթները: Հենց նաեւ սրանով էր պայմանավորված, որ երեկ ցուցարարները Թեհրանում ունեին ցուցապաստառներ, որոնք ուղղված էին ոչ միայն նախագահ Ահմադինեջադի, այլ նաեւ Այաթոլլահ Հոմեյնի դեմ:Այնուհանդերձ՝ երկրի փակվածությունը, հակաամերիկյան եւ հակաիսրայելական  տարիներ շարունակ տեւած  հռետորաբանությունը, ինչպես նաեւ  30 տարվա  աստվածաբանական պետությունը արել են իրենց  գործը, այսինքն` կան միլիոնավոր մարդիկ, որոնք ունենալով բազում սոցիալական խնդիրներ, չեն ցանկանում փոփոխություններ: Արեւմուտքը մեծ հաշվով տանուլ տալով Եգիպտոսում, փորձում է ռեւանշ վերցնել Իրանում, սակայն  այս երկրի փակվածությունը  լուրջ խնդիրներ է առաջացնում Արեւմուտքի համար: Միմիայն ԱՄՆ-ի պետքարտուղարության  հայտարարություններով անհնար կլինի ազդել Իրանում ընթացող զարգացումների վրա: Դա հասկանում են նաեւ ԱՄՆ-ում,  եւ թերեւս դա է պատճառը, որ այս անգամ փորձում են հարվածել  Իրանի  «աքիլլեսյան գարշապարին»`  խաղարկելով  20 միլիոն  ադրբեջանցիների խաղաքարտը: Ինչեւէ,  Իրանում ծավալվող  իրադարձությունները էականորեն տարբերվելու են Եգիպտոսից թե՛ իրենց դրամատիզմով, թե՛ ժամանակագրական առումով,  եւ եթե ընդդիմությունը հասնի հաջողության, առավել մեծ  ազդեցություն է ունենալու աշխարհաքաղաքական զարգացումների առումով:  Մի խոսքով, մեր հարեւաններն իրար են խառնվել, իսկ մենք դեռ Կարապետիչ ու ԲՀԿ-ՀՀԿ ենք «տատանում»:ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս