ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱ ԵՆ ԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը 2013-2014 թվականների ընթացքում, Համաշխարհային բանկի կողմից հատկացված միջոցներով գյուղտեխնիկայի մատակարարման 7 պայմանագիր է կնքել «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոն» հիմնադրամի՝ «ՓՄՁ ԶԱԿ»-ի հետ: Սակայն Համաշխարհային բանկը ԾԻԳ-ի եւ «ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի միջեւ կնքված պայմանագրերի հիման վրա մատակարարված գյուղտեխնիկայի դիմաց վճարված 145 հազար 205 դոլարը համարել է չթույլատրված ծախս եւ պահանջել է վերադարձնել այդ գումարը: «Ժողովուրդ»-ը այս հարցի շուրջ զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի պետ Գագիկ Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը կոնկրետ ինչ ծրագրեր է իրականացնում ՀՀ գյուղերում:
-Մենք ՀՀ համայնքներում ստեղծում ենք կոոպերատիվներ, որտեղ տեղավորվում են այն ֆերմերային տնտեսությունները, որոնք զբաղվում են անասնապահությամբ: Այսօր գյուղերում արոտավայրերը լիարժեք չեն օգտագործում: Մենք ունենք 2-3 հազար հա արոտավայր, որոնք խմելու ջուր չունենալու պատճառով չեն օգտագործվում: Սա նույնպես ընդգրկում ենք ծրագրի մեջ եւ լուծում ենք այդ խնդիրը: Երկրորդ հարցը դա ձմեռվա սեզոնին անասնակերի անհրաժեշտ քանակի կուտակումն է, ինչի համար էլ պետք է գյուղտեխնիկա՝ տրակտոր, հակավորող սարք, խոտհնձիչ եւ այլն: Մենք դիտարկում ենք նաեւ այս խնդիրը, եւ եթե հիմնավորված են այդ պահանջները կոոպերատիվի համար լուծում ենք: Այս դեպքում, իհարկե, կոոպերատիվի անդամները նույնպես իրենց ներդրումն ունեն եւ 50 տոկոս համաֆինասնավորում են անում:
-Ինչպե՞ս եք ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկան:
-Մրցույթի միջոցով եւ ով էժան գին է առաջարկում, նրանից էլ այն գնում ենք: Ծրագիրը 2011 թվականից իրականացվում է: Դեռեւս 2013 թվականին ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային հիմնադրամը՝ «ՓՄՁ ԶԱԿ»-ը սկսեց գյուղացիական տեխնիկա ներմուծել: Դա այն ժամանակ էր, երբ հանրապետության նախագահը աշխատանքային այցով Բելառուսում էր, որտեղ միջպետական համաձայնագիր կնքվեց: Դրանով ՀՀ-ին հնարավորություն տրվեց ցածր գնով տեխնիկա ներմուծել: Եւ «ՓՄՁ ԶԱԿ»-ը ներմուծեց այդ տեխնիկան, մասնակցեց մեր կողմից հայտարարված մրցույթին եւ հաղթեց:
-Բայց Համաշխարհային բանկը գյուղտեխնիկայի դիմաց վճարված 145 հազար 205 դոլարը համարել է չթույլատրված ծախս եւ պահանջել է հետ վերադարձնել այն: Այս ծախսերի մասին Համաշխարհային բանկը գյուղտեխնիկան ձեռք բերելուց հետո՞ է տեղեկացել:
-Համաշխարհային բանկը իրենց վերահսկողական առաքելության ժամանակ պարզեց, որ «ՓՄՁ ԶԱԿ»-ը ինչ-որ օժանդակություն է ստանում Կառավարությունից, եւ մենք իրավունք չունեինք իրենցից գնել: Հետո պարզվեց, որ այդ գումարը՝ 145 հազար 205 դոլարը, Կառավարությունը պետք է փոխանցի Համաշխարհային բանկին, բայց բանակցությունների արդյունքում հասան նրան, որ Կառավարությունը այն կհատկացնի ԾԻԳ-ին: Այսինքն՝ մենք այդ գումարով կշարունակենք գյուղերի կոոպերատիվների համար տեխնիկա ձեռք բերել, նաեւ կլուծենք արոտավայրերի ջրարբիացման խնդիրները:
-Պարո՛ն Խաչատրյան, գյուղտեխնիկայի ձեռքբերումը չթույլատրված ծախս համարելու հարցում Համաշխարհային բանկը կոնկրետ ի՞նչ է պատճառաբանել:
-Իրենց կանոնադրությունը վերցրեցին, ուսումնասիրեցին եւ պարզեցին, որ իրենց ընթացակարգերին դա հակասում է: Այսինքն՝ եթե կազմակերպությունը պետական աջակցություն է ստանում, ապա նա իրավունք չունի մասնակցելու նման մրցույթների: Դա առեւտրային օրենքներով չի առաջնորդվում: Պետական աջակցություն ունեցող ընկերություններն առավելություն ունեն մյուս բոլոր առեւտրային մատակարար կազմակերպությւոնների համեմատ, ինչի հետեւանքով մրցակցություն չի ապահովվում:
-Բացի «ՓՄՁ ԶԱԿ»-ից՝ մրցույթին այլ ընկերություններ մասնակցե՞լ են:
-Շատ կազմակերպություններ են մասնակցել, բայց հաղթող ճանաչվեց «ՓՄՁ ԶԱԿ»-ը:
-Այդ դեպքում ինչո՞ւ ընտրվեց հենց «ՓՄՁ ԶԱԿ»-ը:
-Իրենք էժան գին են առաջարկել: Նշեմ, որ ծրագիրը նախատեսված է եղել իրականացնել 55 համայնքում, բայց արվել է 81-ում:
-Խնդրում եմ նշեք նաեւ այն գյուղերի անունները, որոնք օգտվել են այս ծրագրից:
-Շիրակի մարզից 16 գյուղ օգտվեց, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի գյուղերը նույնպես: Բոլոր այն 81 համայնքները, որոնց կոոպերատիվների գյուղտեխնիկայի հարցն ենք լուծել, կարգավորել նաեւ արոտավայրերի ջրարբիացման խնդիրը:
-Պարո՛ն Խաչատրյան, գյուղացին քանի՞ անասուն պետք է ունենա, որպեսզի դառնա կոոպերատիվի անդամ:
-Մեկ անասուն էլ ունենա, կարող է դառնալ կոոպերատիվի անդամ: Ի դեպ, գյուղացիները բավականին դրական արձագանքեցին կոոպերատիվների ստեղծմանը:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 
ԵՂԵՎՆԻՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻՆ
Սեւան քաղաքի մի խումբ բնակիչներ ահազանգով դիմեցին «Ժողովուրդ»-ին` տեղեկացնելով, որ վերջին երկու շաբաթների ընթացքում քաղաքում հատվել են 4 տասնյակից ավել ծառեր:
Զրուցելով բնակիչների հետ՝ պարզեցինք, որ հատվել են հատկապես քաղաքի կենտրոնի հաստաբուն եղեւնիները:
«Այստեղ խոշոր առեւտրի կենտրոն են կառուցում: Եղեւնիները բարձր են եւ կարող են տեսադաշտը փակել, մեր սեփականատիրոջը դրանք խանգարում են, առեւտուրը լավ չի ընթանա, դրա համար էլ կտրել են»,-ծառերի սպանդի իր պատճառաբանությունը ներկայացրեց մասնագիտությամբ մանկավարժ Սեդա Մովսիսյանը:
Բնակիչներից մեկն էլ համոզված պնդեց, որ սեփականատերն ինքնագլուխ ծառահատում չէր անի, նրա խոսքով՝ քաղաքապետն է հանձանարարել կտրել ծառերը:
Խնդրի հետ կապված զրուցեցինք Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ: Վերջինս պնդեց, որ ծառերի հատումը որեւէ կապ չունի առեւտրի կենտրոնի կառուցման հետ: Ղուկասյանի ներկայացմամբ` ծառահատումն իրականացրել է քաղաքապետարանը ավագանու որոշմամբ. «Ծառերը հատվել են՝ հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները. Սեւան համայնքի փողոցների եւ մայթերի ծառերի գերակշռող մասն ավելի քան 50 տարեկան է, եւ այդ ընթացքում նրանց զգալի մասը գերաճ է տվել՝ խանգարելով անգամ հետիոտներին, իսկ քամիների ժամանակ դրանք վտանգավոր են շենքերի լուսամուտների եւ պատշգամբների համար»:
Քաղաքապետը վստահեցրեց, որ այս հարցով ստեղծվել է հանձնաժողով, եւ իրենք ստացել են անգամ քաղաքի բնապահպանների թույլտվությունը: Ընդհանուր հաշվարկով վերջին շաբաթների ընթացքում Սեւան քաղաքում եւ Գագարինում հաշվառել է էտման ենթակա 73, սանիտարական հատման ենթակա 47 ծառ:
«Ես հանձնարարել եմ, որ հատված ծառերի փոխարեն տեղադրեն համայնքի բնակլիմայական պայմաններին համապատասխան նոր տնկիներ»,- ավելացրեց Ռուդիկ Ղուկասյանը:
Նշենք, որ նոր տնկիների հետ կապված` սեւանցիները թերահավատ են: Նրանց խոսքով՝ առաջին դեպքը չէ, երբ հատվում են մեծ թվով ծառեր, որոնց փոխարեն այդպես էլ նոր ծառեր չեն տնկվում:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս