«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2012»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Կրթություն եւ կարիերա EXPO 2012»-ում ներկայացել է կարիերայի զարգացման ծրագրով:
Բացվել է «Կրթություն եւ կարիերա EXPO 2012» ցուցահանդեսը, որին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մասնակցում է կարիերայի զարգացման ծրագիրը ներկայացնող տաղավարով: Ծրագրի շրջանակներում ուսանողներին, դասախոսներին, աշակերտներին եւ առհասարակ կրթական ոլորտի բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում:
Ծրագրի քառամյա գոյության ընթացքում ավելի քան 5000 ուսանողի համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը 64 անգամ հանդես է եկել դասախոսությամբ: Համագործակցության հուշագիր է ստորագրվել ընկերության եւ շուրջ 37 բարձրագույն կրթական հաստատության միջեւ, 26 բաց դռների օր է կազմակերպվել Երեւանի եւ մարզերի դպրոցների ավելի քան 450 աշակերտի համար: Ընկերության շենքում անցկացվել է «ՎիվաՍել-ՄՏՍ» դպրոցի ուսուցողական 6 դասընթաց, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համապատասխան բաժիններում աշխատանքային պրակտիկա է անցել ավելի քան 250 ուսանող, Հայաստանի տարբեր բուհերից 200 ուսանող մասնակցել է կրթական ֆոնդ ծրագրին, շուրջ 29 համալսարան համալրվել է ինտերնետ հասանելիությամբ համակարգչային լսարաններով, նոր համակարգիչներով, տպիչներով, ինտերակտիվ գրատախտակներով, լուսարձակներով, փոխանջատիչներով եւ ժամանակակից այլ տեխնիկայով:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այն սակավաթիվ ընկերություններից է, որտեղ հատուկ կարիքներ ունեցող մարդիկ կարող են լիովին ինքնադրսեւորվել եւ իրացնել իրենց մասնագիտական ներուժն ու հմտությունները: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում աշխատում է հատուկ կարիքներով 37 աշխատակից:
««ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կարիերայի զարգացման ծրագիր է մշակել կոնկրետ նպատակով. օգնել ուսանողությանը տեսական եւ գործնական գիտելիքները համադրելու հարցում: Այս կերպ մենք ցանկանում ենք տարիների ընթացքում ընկերության կուտակած գործնական գիտելիքի հսկայական պաշարը փոխանցել Հայաստանի երիտասարդներին, ինչը նրանց կօգնի ինքնադրսեւորվել եւ ապագա կերտել հայրենիքում»,-բացման խոսքում նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Կրթություն եւ կարիերա EXPO 2012»-ը կանցկացվի նոյեմբերի 14-ից 16-ը Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Մերգելյան ինստիտուտ): Ցուցահանդեսի նպատակը աշակերտությանը եւ ուսանողությանը  ժամանակակից կրթության վերաբերյալ համապարփակ տեղեկություններ տրամադրելն է, կրթօջախ-ձեռնարկություն համագործակցությանը նպաստելը, աշխատաշուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին հանրությանը տեղեկացնելը, աշխատանք փնտրողների եւ գործատուների միջեւ  հանդիպումներ կազմակերպելը, ինչպես նաեւ կրթական նոր ծրագրերի շուրջ պետական, մասնավոր եւ հասարակական կազմակերպություններին համախմբելը:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միջոցառման գլխավոր ինֆորմացիոն աջակիցն է:




Լրահոս