ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՅՔԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի դեմ հայտարարված չափազանց անհաշտ պայքարը մոլեգնում է: Մինչ վարչապետը, լանցետը ձեռքին, օրնիբուն զբաղված է կոռուպցիայի դեմ վիրահատական միջամտությունների իրականացմամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է նախավիրահատական փուլի արդյունքները, որոնք բավական ուշագրավ են:  Ծանոթանալով 2012թ. առաջին երեք եռամսյակների ընթացքում բացահայտված կոռուպցիայի դեպքերի վիճակագրությանը` մի պահ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կոռուպցիայի դեմ վիրահատական միջամտություններ պահանջող Սերժ Սարգսյանն ուղղակի կտրված է մեր իրականությունից կամ էլ պարզապես տեղյակ չէ, որ մեր երկրում գոյություն ունի կոռուպցիայի դեմ այդքան փայլուն պայքար տանող դատախազություն: Եւ այսպես. ըստ ՀՀ դատախազության հրապարակած պաշտոնական տվյալների՝ 2012թ. երրորդ եռամսյակում դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 93 քրեական գործ` 132 անձի նկատմամբ, որոնցից դատապարտվել է 127 անձ` 88 քրեական գործով: Այսինքն՝ միայն անցած ինն ամիսների ընթացքում Հայաստանում բացահայտվել է կոռուպցիայի առնվազն 88 դեպք: Հիրավի, սա շատ լուրջ թիվ է Հայաստանի նման փոքրիկ երկրի համար, ուստի  դրանից հետո մեր հասարակության մոտ պետք է շեշտակիորեն ավելանար հավատը իշխանությունների հանդեպ, առավել եւս, որ ըստ նույն աղբյուրի ներկայացրած տեղեկատվության՝ դատապարտված 127 անձից 52-ը կամ դատապարտված անձանց 40.9%-ը եղել են պաշտոնատար անձինք: Ասել է թե` ՀՀ-ում դատապարտվել է 52 կաշառակեր պաշտոնյա. դրանից այն կողմ էլ ի՞նչ ենք ուզում այս իշխանություններից: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ 52 կաշառակերների մասին տեղեկատվությունն անմիջապես արժեզրկվում է, երբ ծանոթանում ենք նույն զեկույցի հաջորդ նախադասությանը. այն է` կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հանրապետության դատարաններում լսված բոլոր քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել է ընդամենը 1 մլրդ 448 մլն 361 հազար դրամ, որից պետությանը պատճառված վնասը` 1 մլրդ 368 մլն 850 հազար դրամ: Ավելորդ է ասել, որ դա ծիծաղելի փոքր թիվ է, գրեթե համադրելի միջին վիճակագրական կաշառակեր վարչության պետի եռամսյա «լեւի» եկամուտին: Իսկ մեծ ձկներին «գլխից բռնելու» որեւէ դեպք դատախազության ամփոփագրում արձանագրված չէ: Հավանաբար այն պատճառով, որ հաշվետու ժամանակահատվածը հայտնի խորհրդակցությունից առաջ էր, երբ համապատասխան մարմինները զբաղված էին ցուցանիշներ նկարելով եւ առավելագույնը 40 հազար դրամի կաշառքի  գործեր բացահայտելով: Թե ինչպիսին կլինի հաջորդ տարվա նույն ժամանակահատվածի զեկույցը, դժվար է ասել, սակայն որ մինչ այդ գոնե մեկ միջնաժամկետ զեկույցում դատախազությունը ստիպված է լինելու ներկայացնել իրապես մեծ ձկների գլխից բռնելու գոնե մեկ-երկու դեպք, ակնհայտ է: Միայն ամպագոռգոռ ելույթներով ու  խորհրդակցություններով Սերժ Սարգսյանը հաստատ չի վերընտրվի:




Լրահոս