ԴԱՏԱՐԱՆԸ ՉԲԱՎԱՐԱՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակ Նազարյանի մահվան գործով նոյեմբերի 20-ի նիստում դատավարության կողմերն արտահայտեցին իրենց դիրքորոշումները տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից նախորդ նիստում ներկայացված միջնորդության վերաբերյալ: Շուշանյանը միջնորդել էր ապօրինի ապացույց համարել 14 անձանց հարցաքննությունների, ցուցմունքների, առերեսման արձանագրությունները, քանի որ նրանք ռազմական ոստիկանություն էին տարվել կառավարության որոշմամբ ընդունված «Զինվորական կանոնագրքի» խախտման հիմքով, մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային օրենքներով անձը կարող է ազատությունից զրկվել միայն օրենքի համաձայն: Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը միացավ Շուշանյանի միջնորդությանը, նաեւ հայտարարեց, որ զինծառայողները նույն կարգապահական խախտման համար ըստ օրենքի չէին կարող երկու անգամ պատժի ենթարկվել: Միջնորդությանը միացավ նաեւ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը: Մեղադրող Հարություն Հարությունյանն ասաց, թե զինվորների մեկուսացումը եւ հարցաքննությունը կատարվել է օրենքի շրջանակներում, այդ առթիվ ծառայողական քննություն է կատարվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հակադարձեց, թե ՊՆ-ն այդ ծառայողական քննությունն ինչու 2010թ. չի կատարել, որ դա հիմա արվում է ինչ-որ անձանց կաշին փրկելու համար: Դատավոր Սամվել Մարդանյանը վճռեց փաստաբան Շուշանյանի միջնորդության լուծումը հետաձգել, դրան անդրադառնալ խորհրդակցական սենյակում դատական վերջնական ակտ կայացնելիս:
Այնուհետեւ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբողլյանը միջնորդեցին նշանակել Նազարյանի հետմահու դատահոգեբանական լրացուցիչ փորձաքննություն: Նրանք միջնորդությունը հիմնավորեցին այն փաստարկով, որ Նազարյանի հետմահու դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննության մեջ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մասում որեւէ գիտական մեթոդիկայի մասին նշում չկա: Ամբաստանյալների պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Լեւոն Պողոսյանը միացան միջնորդությանը, իսկ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը միացավ մասնակիորեն: Վերջինս եւ նրա ներկայացուցիչները չեն ընդունում միջնորդության մեջ արտահայտված այն վարկածը, որ Արտակն ինքնասպանություն է կատարել: Մեղադրող կողմը դեմ արտահայտվեց միջնորդությանը, քանի որ համարում էր, որ դրանով փորձագետին առաջադրված հարցերը կրկնվում են: Պաշտպան Հրանտ Գեւորգյանը առարկեց այդ պնդման դեմ: Դատավորը որոշեց այդ միջնորդության լուծումը հետաձգել, մինչեւ ի հայտ կգան էական հանգամանքներ:
Այնուհետեւ դատավորը հրապարակեց դատական փորձագետ, դատարան որպես վկա կանչված Վիգեն Ադամյանի դիմումը, որով նա պատրաստակամություն էր հայտնել գրավոր պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին: Իրավապաշտպան Ռ. Մարտիրոսյանը միջնորդեց դատարան բերման ենթարկել Վ. Ադամյանին, սակայն դատարանն այդ միջնորդությունը բավարարեց մասնակիորեն. վերջինս կհրավիրվի նոյեմբերի 27-ին կայանալիք նիստին:
Դատական հաջորդ նիստը կկայանա  նոյեմբերի 21-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս