Երեկ Լոռու մարզի Դարպաս գյուղի 35-ամյա բնակիչ Գուրգեն Մանուկյանը, որն իր ընտանիքին պահում էր՝ համագյուղացիներին կենցաղային ծառայություններ մատուցելով, իր բնակարանի բակի հարեւանությամբ գտնվող երկաթից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դարպասի համայնքապետ Սամվել Ավետյանը, խոսելով Գ. Մանուկյանի ինքնասպանության պատճառների մասին, նշեց. «Խմող մարդու վերջը դա էլ պետք է լիներ»: Տեղեկացանք որ Գ. Մանուկյանը 3 անգամ ամուսնացած է եղել եւ հարբեցողությամբ էր զբաղվում: «Ոչ աշխատանք ուներ, ոչ մի բան: Գյուղի բնակիչների համար գործ էր անում` անասուններին էր տանում արոտի կամ շինարարություն ու նամանատիպ այլ աշխատանքներ, այդպես պահում էր իր 3 անչափահաս երեխաներին: Բարի տղա էր ու երբ հարբում էր, մենակ ընտանիքի նկատմամբ էր չարանում: Ծնողները մահացել են շատ վաղուց, իսկ իրենք երեք երեխա են՝ 2 եղբայր, մեկ քույր»,-տեղեկացրեց Ս. Ավետյանը:
Զրուցեցինք նաեւ Գ. Մանուկյանի եղբոր՝ Հայկ Մանուկյանի հետ, որը ցավով խոստովանեց, որ իր եղբոր միակ թշնամին խմիչքն էր. «Ոչ մի դժգոհություն չուներ: Երեք անգամ ամուսնացել էր ու բոլոր ամուսնությունների արդյունքում ուներ 5 երեխա: Երբ իմացա, որ ինքնասպան է եղել, մինչեւ եկա, արդեն ոստիկանությունը եկել էր, իր գործն արել, գնացել, ու այս ամենն անսպասելի էր նաեւ ինձ համար: Չգիտեմ՝ այս ամենից հետո իր ընտանիքի, իր երեխաների վերջն ինչ է լինելու: Այնքան մեծ ցավ եմ ապրում, ուրախ մարդ էր, ոչ մի անգամ ոչ մի բանից չէր դժգոհել»: Տեղեկացանք, որ Գ. Մանուկյանը Դարպասում բնակություն էր հաստատել 2 տարի առաջ: Նրա ընտանիքին կացարանով ու մի փոքր հողատարածքով ապահովել էր համայնքապետ Ս. Ավետյանը:
Փորձեցինք զրուցել նաեւ Սաշիկ Մանուկյանի` Գուրգենի հորեղբոր հետ, որը դժվարացավ խոսել՝ պատճառաբանելով, թե շատ բարդ հոգեբանական վիճակում է. «Սիրտս կոտրվել է: Թրջված եմ ու հոգեպես կոտրված»:
Բնակիչներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում, նշեց, թե Գուրգենը սարսափելի հարբեցող էր ու գյուղում քիչ էր լինում. «Ոնց հասցրել, ամուսնացել էր: Մի օր գնում էր մի կնոջ մոտ, մի օր գալիս էր մեր գյուղ: Ընտանիքն էլ օրվա հացը մի կերպ էր հայթայթում: Ինչ արեց, իրեն արեց ու իր երեխաներին»:
Հ.Գ. Նշենք որ նոյեմբերի 20-ին լուր տարածվեց, թե Արմավիրի մարզում` Արմավիրի Երեւանյան փողոցում գտնվող Կարմիր կամրջից քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Բարեբախտաբար, ոստիկանության աշխատակիցները կանխել են Արգավանդ գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Գ. Առաքելյանի ինքնասպանության փորձը:
ԲԱԶՄԱԿՆՈՒԹՅԱՆ ՍԻՐԱՀԱՐՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ