Սեյրան Օհանյանն ընդունել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական, ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին: Հանդիպման մասնակցում էր նաև Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ-պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ շնորհավորելով դոկտոր Հովհաննիսյանին, բարձր է գնահատել անվանի գիտնականի մեծ ավանդը հայրենական գիտության զարգացման գործում և ընդգծել, որ նրա նման հայրենանվեր, գրագետ և վերլուծական խորը մտածողություն ունեցող անձնավորություններն են օրինակ ծառայում երիտասարդ սերնդի ճիշտ և հայեցի դաստիարակության համար:

Հայրենանվեր մեծ գործունեության համար նախարար Սեյրանը Օհանյանը մեծանուն գիտնականին պարգևատրել է ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով:

Օրեր առաջ անվանի գիտնականին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիկոլայ Հովհաննիսյանը Հայաստանում արաբագիտության դպրոցի հիմնադիրն է և երկար տարիներ ղեկավարել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը: Նա հեղինակ է ավելի քան 500 աշխատությունների, այդ թվում` 80 մենագրական հետազոտության, որոնց զգալի մասը հրատարակվել է արտասահմանում: Դոկտոր Հովհաննիսյանը անդամ է մեկ տասնյակից ավելի արտերկրի ակադեմիաների և գիտական ընկերությունների: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով:

Տասնամյակներ շարունակ ականավոր գիտնականի գիտական ուսումնասիրության առանցքում են եղել այնպիսի հանգուցային հիմնախնդիրներ, ինչպպիսիք են Մերձավոր ու Միջին Արևելքի ժողովուրդների պատմությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և էթնոքաղաքական առճակատումները, Հայոց Ցեղասպանությունը, հայ-արաբական հարաբերությունները և այլն:

Որպես ԱՌՀԻ պետի խորհրդական` Ն. Հովհաննիսյանը մեծածավալ աշխատանք է կատարել ԱՌՀԻ-ի գիտավերլուծական գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Մեծ է նրա ավանդը ռազմավարական-անվտանգային հետազոտությունների զարգացման գործում:




Լրահոս