Ռուս զինծառայողի սպանության գործը` «կռվախնձոր» գլխավոր դատախազության և քննչական կոմիտեի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 15-ին Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում սպանված, ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի գործը դարձել է ՀՀ գլխավոր դատախազության եւ քննչական կոմիտեի «կռվախնձորը»:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ նշված օրը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի սպանված ժամկետային զինծառայողի գործով ձերբակալվել էր նուն զորամասի պայմանագրային զինծառայող 21-ամյա Իվան Բոսխոմջիեւը, որն ընդունել էր իր մեղքը:

Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ դեպքից երկու օր անց ռուս իրավապահները գրություն են ուղարկել հայ իրավապահներին՝ հղում անելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա միջպետական համաձայնագրին, խնդրել են տրամադրել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործը: Եվ, ահա, երեկ «Ժողովուրդ»-ը նախ ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե ինչու է ուշացնում գործը ռուս իրավապահներին հանձնելու հարցը:

«Ժողովուրդ»-ին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից գրավոր հայտնեցին. «2015 թվականի հունիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունից Շիրակի մարզի դատախազություն է ստացվել նշված քրեական գործը եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված առարկաները ՀՀ գլխավոր դատախազության միջոցով դրանք Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժին ուղարկելու միջնորդությամբ»:

Ըստ դատախազության` նշված քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի քննչական բաժին ուղարկելու վերաբերյալ Շիրակի մարզային նախաքննական մարմնի դիրքորոշումը չի համապատասխանում գործով ձեռք բերված փաստական տվյալներին, իսկ գործով դեռեւս առկա է որոշակի առաջնային դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ուստի համապատասխան ցուցումներով քրեական գործը վերադարձվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: Միաժամանակ պարզաբանվել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 1-ին եւ 3-րդ կետերի իմաստով իրավասու մարմին է հանդիսանում նաեւ ՀՀ քննչական կոմիտեն:

Դատելով դատախազության պատասխանից՝ ռուս զինծառայողի սպանության գործը հսկող դատախազը գոհ չի եղել քննչական գործողությունը իրականացնող մարմնից եւ համապատասխան ցուցումներով գործը հետ է վերադարձրել:

Ավելին՝ դատախազությունը ռուս զինծառայողի սպանության գործի հետագա ընթացքը, այսպես ասած, թողել է քննչական կոմիտեի ուսերին: Ըստ էության, դատախազությունը հաշվի առնելով գործում առկա թերությունները՝ «ձեռքերը լվացել է» ռուս զինծառայողի սպանության գործի հետագա ընթացքի հարցը լուծելուց՝ խնդիրը բարդելով քննչական կոմիտեի վրա:

Իսկ թե ինչու է կոմիտեն գործը այս կերպ վարել, ստեղծված իրավիճակի հետ կապված «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից հայտնեցին. «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վկայակոչելով ՀՀ եւ ՌԴ միջեւ ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 3-րդ եւ 5-րդ հոդվածների պահանջները՝ ՌԴ ՔԿ զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժինը գրավոր դիմել է Շիրակի մարզային քննչական վարչությանը՝ խնդրելով տրամադրել հարուցված քրեական գործը եւ ռուս զինծառայողի դիակը փոխանցել իրենց»:

Արդյունքում, կոմիտեն ղեկավարվելով նշված համաձայնագրի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներով՝ Շիրակի մարզային քննչական վարչությունը նշված քրեական գործն ուղարկել է Շիրակի մարզի դատախազություն՝ ՌԴ ՔԿ ուղարկելու համար: Շիրակի մարզի դատախազի գրությամբ գործը հետ է ուղարկել վարույթն իրականացնող մարմնին՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 1-ին եւ 3-րդ կետերի իմաստով իրավասու մարմին է հանդիսանում նաեւ ՀՀ քննչական կոմիտեն: Ներկայումս քննարկվում է նշված համաձայնագրով սահմանված կարգով քրեական գործը համապատասխան քննչական մարմնին ուղարկելու հարցը»:

Այսպիսով, իրավապահ համակարգի երկու կառույցներ հերթական անգամ գզվրտոցի մեջ են, ինչն այս դեպում վտանգում է մեր երկրի հեղինակությունը: Փաստորեն, հիմա էլ Ռուսաստանի Դաշնության քննչական ծառայության աշխատակիցների համար բացահայտվեց այն իրողությունը, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ու ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը «իրար հետ չունեն» եւ սպանության գործը չեն կարողանում ըստ պատշաճի հանձնել ռուսական կողմին: Եւ այդ փոխհարաբերությունները ազդում են ամեն քաղաքացու վրա, քանի որ քննչական մարմնում քննվող գործերը շատ հաճախ դառնում են երկու կառույցների ղեկավարների համար «ռազբորկայի» առարկա: Մի խոսքով, ամոթալի ու տխուր իրավիճակ:

Քնար Մանուկյան




Լրահոս