ՀԱԿ-ը ՍԴ դիմելու համար ստորագրահավաք է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ Ազգային Կոնգրես խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու համար։ Ստորև ներկայացվում է այդ փաստաթուղթը։
ՀՀ Սահմանադրական դատարանին ենք դիմում`
ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածով, 100-րդ հոդվածի 1-ին մասով, 101-րդ հոդվածի 3-րդ մասով և Սահմանադրական դատարանի մասին ՀՀ Օրենքի 25-րդ հոդվածով Գործերի դատավարական նախապատմությունը- փաստերի շարադրանքը.
1.Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով։ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ հանրաքվեով։
2.”Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքը ընդունվել է 20.02.2002 եւ ստորագրվել 21.03.2002թ։
3.”Ազգային ժողովի կանոնակարգ” օրենքում լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել 24.12.04 (ՀՕ-69-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)։
4.21.11.2012թ. ՀՀ Ազգային ժողովում “Հայ Ազգային Կոնգրես”, “Հայ Հեղափոխական Դաշնակցություն”, “Բարգավաճ Հայաստան” և “Ժառանգություն” պատգամավորական խմբակցությունների 48 պատգամավորների կողմից նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը համարվել է չկայացած` ԱԺ դահլիճում պատգամավորների թվի անհրաժեշտ քվորում չլինելու պատճառով։
Դիմողի իրավական դիրքորոշումը.
Սույն դիմումի առարկան ՀՀ Ազգային ժողովի փոքրամասնության՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու լիազորության սահմանադրական բովանդակության բացահայտումն է։
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն. ‚Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային Ժողովի նախագահը՝ հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ։ 
Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նստաշրջան կամ նիստ նախաձեռնելու սահմանադրական լիազորությունը կոչված է հնարավորություն տալ ԱԺ-ում ներկայացված ընդդիմությանը (փոքրամասնությանը) իր համար նախընտրելի ժամկետներում և օրակարգով ԱԺ-ի արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրել։ Ակնհայտ է նաև, որ ԱԺ փոքրամասնության արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու լիազորության իրագործումը ՀՀ Սահմանադրությունը չի կապում կամ պայմանավորում ԱԺ-ի մեծամասնության կամքի կամ ցանկության այս կամ այն դրսեւորման հետ։
Միաժամանակ անվիճելի է նաև, որ ԱԺ-ի մեծամասնությունը թե Սահմանադրությամբ, թե ԱԺ կանոնակարգով ունի բոլոր հնարավորությունները, ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ նստաշրջանների ու նիստերի միջոցով (ընթացքում) ձևավորել ԱԺ նստաշրջանների ու նիստերի, քառօրյա նիստերի իր համար նախընտրելի օրակարգ, քննարկվող հարցերի ցանկալի ժամանակացույց և հերթականություն։
Նշենք նաև, որ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի վերը վկայակոչված նորմը իմպերատիվ նորմ է և Սահմանադրությունը վերջինիս որևէ սահմանափակում չի նախատեսում։ Որ ԱԺ-ի փոքրամասնության այս լիազորությունը իմպերատիվ ու բացարձակ լիազորություն է, իր հիմնավորումն է գտնում նաև Սահմանադրության 70-րդ հոդվածի մեկ այլ դրույթում. “Արտահերթ նստաշրջանը կամ նիստը անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով ու ժամկետում”։ Հետևաբար, Սահմանադրությունից ցածր ուժ ունեցող իրավական ոչ մի ակտ, այդ թվում “ԱԺ կանոնակարգ” ՀՀ օրենքը ԱԺ փոքրամասնությանն ընձեռված վերը հիշատակված լիազորությունն ու դրա գործադրումը չի կարող սահմանափակել։
Հատկանշական է նաեւ, որ ՀՀ սահամանդրությունը ԱԺ նստաշրջանների եւ նիստերի (այդ թվում նաեւ արտահերթ) իրավազորության՝ քվորումի որեւէ շեմ չի նախատեսում։ Սահմանադրական պահանջները վերաբերում են քվեարկության մասնակիցների թվին եւ ընդունված որոշումներին։ Այսպես, Սահմանադրության 71-րդ հոդվածի համաձայն “Օրենքները և Ազգային Ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվերակությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին”։
ՀՀ Սահմանդրության 70-71-րդ հոդվածների բովանդակային վերլուծությունից ու համադրումից հետևում է, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելիս, նիստերը իրավազոր պետք է համարվեն ԱԺ պատգամավորների նույն՝ մեկ երրորդի շեմը ապահովված լինելու դեպքում։ Ասվածի լրացուցիչ ապացույց է նաև այն հանգամանքը, որ Սահմանադրության 70-րդ հոդվածի ուժով նման նիստերում հարցի քննարկումը սկսելու համար օրակարգի հաստատման կարիք չի զգացվում, դրանք նախորոք հայտնի են։
Հետևաբար Սահմանադրությունը նախատեսել է արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկված հարցի առնվազն քննարկումը ԱԺ լիագումար նիստում։
Հակառակ պարագայում, եթե արտահերթ նստաշրջանի կամ նիստի հրավիրման և վերջինիս իրավազորության հարցում ղեկավարվում ենք հերթական նստաշրջանի, նիստերի համար ԱԺ կանոնակարգով սահմանված դրույթներով, ապա դա ուղղակի ի չիք է դարձնում ՀՀ Սահմանադրությամբ ԱԺ փոքրամասնությանը արտահերթ նստաշրջան, նիստ հրավիրելու իրացման Սահամանդրական լիազորությունը։
Ազգային ժողովի կանոնակարգե ՀՀ գործող օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը ԱԺ փոքրամասնության կողմից նախատեսված արտահերթ նստաշրջանի կամ նիստի իրավազորության Սահմանադրությամբ չնախատեսված պայման է առաջադրում, պահանջելով, որ այդ նիստում գրանցված պատգամավորների թիվը պակաս չլինի քան պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին։
Քանի որ ՀՀ սահամանադրության 6-րդ հոդվածի համաձայն ,Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն, բացի այդ “Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանըե, հետեւաբար, Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-մասը արտահերթ նստաշրջանի եւ արտահերթ նիստի քվորումի մասով հակասում է ՀՀ Սահամանդրության 70 և 71-րդ հոդվածներին։
Դիմողի պահանջը
ՀՀ Սահմանադրական դատարանից հայցում ենք սույն դիմումով առաջադրված թեզերի հաստատում, որի արդյունքում լուծում կստանա ՀՀ սահմանադրությամբ նախատեսված ԱԺ փոքրամասնության կողմից նախապես որոշված օրակարգով ու ժամկետում արտահերթ նստաշրջան կամ նիստ հրավիրելու, լիագումար նիստում այդ հարցերը քննարկելու խնդիրը։ Հաշվի առնելով վերոգրյալ պատճառաբանությունները և առաջնորդվելով “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքի 25, 27, 68-րդ հոդվածներով ՀՀ Սահմանադրական դատարանին
Խնդրում ենք
“Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասով, հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 եւ 71-րդ հոդվածներին։




Լրահոս