Թեեւ հայ-թուրքական արձանագրությունները համարվում են սառեցված, իսկ գործընթացը՝ ձախողված, սակայն ե՛ւ ՀՀ, ե՛ւ Թուրքիայի իշխանությունները շարունակում են դրանք պահել խորհրդարանների օրակարգում: Իսկ սա ամենեւին էլ պատահական չէ: Պարզվում է՝ երկու կողմն էլ շարունակում է հույսեր կապել այդ գործընթացի ակտիվացման հետ: Ավելին, այդ ուղղությամբ նույնիսկ որոշակի գործընթացներ են սկսվել:
Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները, տեւական ժամանակ է՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջնորդավորված կերպով բանակցություններ են ընթանում՝ սառեցված արձանագրությունները վերակենդանացնելու նպատակով: Միջնորդ երկիրը Շվեյցարիան է, որտեղ եւ 2009թ. հոկտեմբերին ստորագրվել էին այդ արձանագրությունները: Գործընթացին լայնորեն ներգրավված են նաեւ Շվեյցարիայում ԱՄՆ-ի կողմից հավատարմագրված դիվանագետները, ինչը, թերեւս, պատահական չէ, քանի որ հայ-թուրքական գործընթացի իրական կնքահայրը ԱՄՆ-ն է, որը խնդիր է դրել ամեն գնով «գլուխ բերել» ու ավարտին հասցնել իր ծրագիրը: Ինչպես պնդում են մեր դիվանագիտական աղբյուրները, առայժմ այս գործընթացն արվում է ոչ թե ՀՀ-ի ու Թուրքիայի առաջին դեմքերի, այսինքն՝ նախագահների, ԱԳ նախարարների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, այլ՝ այս փուլում ակտիվորեն ներգրավված են դիվանագետներն ու փորձագետները: Ճիշտ այնպես, ինչպես 2008-2009թթ., երբ մինչեւ ֆուտբոլային դիվանագիտության մասին ազդարարելը, տեւական ժամանակ պրոցեսներն ընթանում էին կրկին փորձագիտական մակարդակով:
Նշենք, որ հայ-թուրքական գործընթացի վերսկսման ուղղությամբ տարվող ջանքերի մասին վերջին ամիսներին խոսվում է պարբերաբար: Անգամ թուրք պաշտոնյաները գրեթե բաց տեքստով հայտարարել են այդ մասին: Միայն թե՝ հայկական կողմը պարբերաբար հերքում է այս լուրերը. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ում մեկ-երկու անգամ հայտարարել է, որ ՀՀ-ի ու Թուրքիայի միջեւ բանակցություններ չեն ընթանում: Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, նշեց. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ որեւիցե ձեւաչափով բանակցություններ չեն վարվում»: Ժամանակը ցույց կտա՝ որքանով են ճիշտ ասում իշխանությունները, երբ հերքում են այս լուրերը: Ի վերջո, առաջին անգամը չէ, որ նրանց հերքումներից հետո պարզվել է բոլորովին այլ բան: Թեկուզ եւ՝ նույն հայ-թուրքական արձանագրությունների առումով, երբ մեկ գիշերվա մեջ նախաստորագրվեցին փաստաթղթերը:
Մինչ այդ, նկատենք մեկ կարեւոր հանգամանք. հայ-թուրքական հաշտեցման գործընթացի նախաձեռնողը ԱՄՆ-ն է, որը խնդիր է դրել ի վերջո կարգավորել կոնֆլիկտը: Ու պատահական չէ, որ ԱՄՆ նախագահի վերջին ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկը բառ անգամ չխոսեց Ցեղասպանության ճանաչման մասին: Ընդ որում, սա առաջին անգամն է, երբ ԱՄՆ նախագահի թեկնածուները պատրաստ են նույնիսկ «նեղացնել» իրենց երկրի հայկական համայնքին ու չխոսել Ցեղասպանության ճանաչման մասին. նպատակը հասկանալի է՝ թեկուզ անուղղակի կերպով չխանգարելու համար այդ գործընթացին:
Հասկանալի է, որ հայ-թուրքական գործընթացը շաղկապված է ԼՂ խնդրի հետ, եւ առանց Արցախի հիմնահարցի լուծման այսօր դժվար է որեւէ առաջընթաց ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում: Սա հստակ երեւաց նաեւ 2009թ. ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, երբ Թուրքիան, միեւնույն է, առաջ բերեց իր նախապայմանները՝ գործընթացը կապելով ԼՂ խնդրի հետ: Սա շատ լավ հասկանում են նաեւ գերտերությունները, եւ հիմա ԱՄՆ-ը մի կողմից Շվեյցարիայի միջնորդությամբ փորձում է «դեռ վառ պահել կրակը», մյուս կողմից փորձում է քայլեր անել ԼՂ խնդրի կապակցությամբ: «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ ռուս-ամերիկյան դիվանագիտական շրջանակները Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ակտիվ կոնսուլտացիաներ են անցկացնում ԼՂ խնդրի կապակցությամբ, մասնավորապես փորձում են պայմանավորվածություն ձեռք բերել ազատագրված տարածքներում խաղաղարարների մուտք ապահովվելու եւ համատեղ խաղաղապահական օպերացիա անցկացնելու համար: ԱԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ընթանում է բացառապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ու այդ ձեւաչափում: Մինչդեռ, մեր աղբյուրների մեկնաբանմամբ, ԼՂ խնդրի կարգավորումը մինչեւ հիմա առաջ չի ընթացել մեկ պատճառով. ԱՄՆ-ն ու ՌԴ-ն չեն կարող ընդհանուր հայտարարի գալ, թե ով է տեղակայելու խաղաղարարներին ու ում ենթակայության տակ են գտնվելու այդ տարածքները: Եվ ահա այդ հարցում համատեղ որոշման գալուց հետո մնացածը կդառնա տեխնիկական խնդիր: Իսկ խաղաղարարների հարցով, կարծես թե, համատեղ որոշումը մոտենում է: