«ՀՈՇՈՏԻՉ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՉԻ ՃԱՆԱՉԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեռեւս նոյեմբերի 24-ին գրել էր, որ Գյումրիում հետաքննություն ենք կատարել` հասկանալու համար, թե ապրիլի 12-ին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի  սպանության օրը, իրականում ինչ է տեղի ունեցել: Նշել էինք, որ հանդիպել ենք սպանվածի հարեւաններին ու զրուցել նրանց հետ: Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել Կ. Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, որը վստահեցրեց, թե հարեւանները մեզ սխալ տեղեկություններ են տվել:
Տիկին Անահիտը նշեց, թե ինքը շատ է վրդովված այն բանի համար, որ գյումրեցիները մեզ սխալ բաներ են պատմել՝ իր որդու սպանության հետ կապված: Ներկայացնենք, թե նա ինչ պատմեց մեր զրուցակիցը: «Ուրեմն ես դժգոհ եմ նրանից, որ ինչ-որ մարդկանց հետ եք խոսել ու իրենց խոսքն եք տպել: Իմ էրեխես անմեղ զոհ է եղել, իմ տղան էդ հոշոտիչ մարդասպանին չի ճանաչել եւ ոչ էլ իր ընտանիքին է ճանաչել, ու էրեխես դաստիարակված, կիրթ, շնորհքով, համեստ տղա է եղել: Մենք 3 տարի էր՝ Ամերիկայում էինք, ստեղ չէինք, իրա ամուսնության պատրվակով եկել ենք Գյումրի ու 20 օր մնացել Գյումրիում: Էդ օրն է նշանակված եղել իր հարսանյաց օրը, որից մեկ օր առաջ իմ տղան իր մեքենան թողել էր ավտոլվացակայանում: Տղես ասաց, որ առավոտը կգնամ կբերեմ, առավոտը կանուխ մինչեւ ես իմ գործերն արեցի, Կարենն արդեն գնացել էր՝ իր մեքենան վերցնելու: Մենք թշնամիներ չենք ունեցել, մենք ապրել ենք հալալ քրտինքով, ոչ էլ նման տիպի մարդկանց ենք իմացել, իմ էրեխեքը խուլիգան չեն, ո՛չ զենք են ունեցել, ո՛չ մարդ են ծեծել, ամեն ինչից հեռու մարդիկ ենք եղել, ես ի՞նչ իմանայի, որ իմ որդին կարա գնա 2 կանգառ վերեւ, ավտոն բերի ու տուն չգա, էն էլ իր ուրախության օրով»,-ասաց Կարենի մայրը` ընդգծելով, որ ավտոլվացման կայանում տեղի ունեցածը ֆիքսել են տեսախցիկները:
Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ այս գործով մեղադրվող Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, հետեւել է իր որդուն այնքան ժամանակ, մինչեւ նրան մենակ է «բռնել». «Ավտոն կուգա, մի հատ թոփալ տղա կանգնեցնի գը Կարենի ավտոն ու կնստի իրա մեքենան ու կգնա: 10 րոպե հետո կհոշոտի իմ էրեխիս: Գրում եք, որ էդ օրը մեքենան անցել է Ղուկասյանների տան մոտով, աղջի՛կ ջան, չի հասցրել անցնի, ինքը չի անցել, էդ տղեն հա՛մ մեր դռներով է անցել, հա՛մ էլ Ղուկասյանենց: Ես խանութ ունեմ, ու մի շաբաթվա ընթացքում անընդհատ իր մեքենայով կանգնել է իմ խանութիս դուռը ու ընկել է էրեխիս հետեւից: Հմի նոր-նոր իր մեքենայի համարները իմ աչքիս առաջն են»:
Սպանված երիտասարդի մայրն ասաց, որ մինչեւ մարդասպանը չասի, թե ինչի համար է իր որդուն սպանել, իրենք չեն հանգստանա. «Պիտի ասի՝ ինչի է հոշոտել իմ էրեխիս, էս եղեռնը ինչի է գցել իմ տանս մեջ, հե՞շտ է ծնողին զրկել իր էրեխից: Հա՛, մի բան էլ ասեմ, իմ էրեխեն որ չկար, ես ոչ թե Ղուկասյանի տուն եմ գնացել, այլ գնացել եմ ոստիկանություն, ասել եմ՝ իմ էրեխեն չկա, Վարդան Ղուկասյանը չի գտել իմ որդու դիակը, սխալ են դրանք: Իմ տղես ամբողջ կյանքը սիրահարված է եղել այդ աղջկան, բայց երբեք Սեւ Ղուլ թաղամաս չի գնացել ու ոչ մի խոսք նրա հետ չի խոսել, քանի որ խուփ պահված էրեխեք են եղել իրենք: Մյուս տեղեկությունները եւս սխալ են, նման բան չկա իրականում»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս