««ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ»-Ն ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԽԱԲՈՒՄ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առաջատար ընկերություններից մեկում՝ «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ում, պարբերաբար խախտվում են աշխատողների իրավունքները, մասնավորապես նրանց չեն վճարում գիշերային աշխատանքին համարժեք աշխատավարձ: Աշխատակիցների աշխատավարձերի վրա բացասական ազդեցություն է ունենում նաեւ ընկերության կողմից Կապան քաղաքում կատարվող բազմաթիվ սոցիալական ծրագրերի իրականացումը, ինչի հետեւանքով կրճատվում են աշխատավարձերը: Ստորեւ ներկայացնում ենք փաստաբան Իրինա Մանուկյանի նամակը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, որով նա խնդրում է քննության առնել այս հարցը, քանի որ, փաստաբանի կարծիքով, «աշխատանքային տեսչության կողմից պատշաճ ուշադրության չի արժանանում այս հիմնախնդիրը, եւ այստեղ առկա են կոռուպցիոն ռիսկեր»:

 «Հարգելի՛ պարոն Ասատրյան.
 2008թ. մինչ այսօր մեր գրասենյակ են դիմում Կապան քաղաքի բնակիչներ, որոնք աշխատել կամ աշխատում են «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ում եւ ունեն խնդիրներ՝ գիշերային աշխատանքից առաջացած աշխատավարձի եւ դրանց տուգանքի չվճարման հետ կապված:
Մեր ունեցած տեղեկություններով՝ ՓԲԸ-ում աշխատում են կամ այլեւս չեն աշխատում բազմաթիվ քաղաքացիներ, որոնք չեն ստացել 2005-2009թթ. ընկած ժամանակահատվածի գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար նախատեսված հավելումները, իսկ մի մասն էլ ստացել է սահմանված ժամկետների խախտումով: Գործատուն աշխատավարձի վճարման ենթակա անցած յուրաքանչյուր օրվա համար աշխատողներին չի վճարել տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի՝ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում՝ ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար՝ ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Համաձայն նույն օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման ենթակա անցած յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուգանք՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
Մեր կարծիքով՝ պատկան մարմինների, մասնավորապես աշխատանքային տեսչության կողմից պատշաճ ուշադրության չի արժանանում այս հիմնախնդիրը, եւ այստեղ առկա են կոռուպցիոն ռիսկեր, ուստի եւ խնդրում ենք զբաղվել այս հարցով:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի դրույթներով՝ խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները վերոգրյալի կապակցությամբ: Քաղաքացիների շահերից ելնելով` Ձեր պատասխանն ակնկալում եմ ստանալ 10-օրյա ժամկետում»:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ,
փաստաբան ԻՐԻՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս