Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանի խորհրդարանն անդադար ռեժիմով քննարկում էր ՀՀ Կառավարության նախաձեռնած արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը: Ավելին՝ քանի որ ԱԺ-ն, 5 օր շարունակ սովորական քառօրյա նիստերի համեմատ երկու ժամ ավել աշխատելով, չհասցրեց արտահերթի օրակարգը սպառել, նախատեսվում է, որ երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին եւս արտահերթի նիստեր կհրավիրվեն:
Կարելի է կարծել, որ Կառավարության կողմից արտահերթ նիստով բերված նախագծերը հրատապ լուծում էին պահանջում, եւ դրանց ուշացումը կարող էր ծանր հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, կամ եթե դրանք այսօր չընդունվեն, ապա ետ կընկներ բնակչության այս կամ այն խնդրի լուծումը: Բայց իրականությունն այն է, որ ներկայացված օրենքներից որեւէ մեկն իր բնույթով հրատապ չէ, ոչ մեկով բնակչության այսօրվա խնդիրները չեն լուծվում:
Նկատենք, որ եթե այդ նույն նախագծերն, օրինակ, աշնանը քննարկվեին, դրանից որեւէ բան չէր փոխվի մեր կյանքում: Ավելին՝ նախագծերից մի քանիսը իրենց բնույթով խնդրահարույց են, եւ դրանց հրատապ քվեարկությունը ՀՀ քաղաքացիների մոտ միայն բացասական ազդեցություն կարող է թողնել: Օրինակ` «Ակցիզային հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, դրանցով նախատեսվում է ծխախոտի եւ վառելիքի ակցիզային հարկերի ավելացում, ինչպես նաեւ այդ օրենքում ավելացվում են ձեւակերպումներ, որոնց արդյունքում ավտոմեքենաները լիցքավորվող բնական սեղմված գազը եւս կսկսի ակցիզային հարկով հարկվել: Երբ բոլորը սկսեցին այս նախագծին դեմ արտահայտվել, իշխանական պատգամավորները հայտարարեցին, թե այժմ միայն առաջին ընթերցմամբ են քննարկելու, երկրորդ ընթերցումը կկազմակերպեն աշնանը: Հետաքրքիր էր` այդ դեպքում այժմ ինչո՞ւ էր այն արտահերթով բերվել խորհրդարան: Դրանով փորձ էր արվում հասկացնել մարդկանց, որ էլէներգիայի թանկացումն ընդամենը սկի՞զբն է, որ աշնանը թանկանալու են բենզինը, դիզելային վառելիքը եւ գազալցակայանների գազն է՞լ:
Մեկ այլ` «Պետական պարտքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով Կառավարությունը ցանկանում է ընդլայնել արտաքին պարտքի թույլատրելի սահմանները: Թվում է, թե Կառավարությունն իր համար կենսական խնդիր է լուծում. նոր վարկեր ձեռք բերելու համար հող է նախապատրաստում: Կրկին նույն հարցն է ծագում՝ ինչո՞ւ այժմ: Ներկայումս Հայաստանի արտաքին պարտքը, չնայած մոտեցել է օրենքով նախատեսված սահմանագծին, բայց առանց օրենք փոխելու ՀՀ Կառավարությունն ավելի քան կես միլիարդ դոլարի արտաքին պարտք կարող է ներգրավել:
Հետեւաբար, ո՞րն էր այս հարցերից այդքան հրատապը: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի գործող իշխանությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունի, եւ ցանկացած նախագիծ նրանք երբ ցանկանան, կարող են հեշտությամբ անցկացնել: Նրանց թուքումուր տվողներն էլ միեւնույն հատուկենտ ընդդիմադիր պատգամավորներն են, որոնք արտահերթ նիստի ժամանակ էլ են իրենց խոսքն ասելու, հերթականի ժամանակ էլ: Ու քանի որ հակված չենք կարծելու, որ Կառավարությունում նստածները չեն գիտակցում, թե ինչ են անում եւ պարապությունից դրդված են հրատապություն չունեցող նախագծերը արտահերթ նիստով խորհրդարան բերում, ուստի մնում է արձանագրել, որ ԱԺ-ում տեղի ունեցողն ընդամենը շոու է:
Ինչո՞ւ, բացատրենք: Բանն այն է, որ իրականում իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ Հայաստանի տնտեսությունն առաջիկայում կրկին հետընթաց է ապրելու, եւ այս փուլում պարզապես փորձում են ԱԺ արտահերթ նստաշրջանի պես միջոցառումները լավ առիթ դարձնել` ցույց տալու համար, թե շատ «աշխատասեր» են:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԻՄԵԼ Է ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆԵՐԻՆ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այս օրերին փորձում է գոնե ինքն իր համար պարզել, թե քաղաքական գործունեություն սկսելու դեպքում ովքեր կմիանան իրեն: Աբրահամյանը փորձում է հասկանալ՝ արդյոք կարող է իր շուրջը հավաքել այնպիսի մարդկանց, որոնք իրեն կօգնեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արա Աբրահամյանն այս խնդրի մասով դիմել է նաեւ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին եւ նրա եղբորը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանին: Սակայն Կարապետյանների կողմից մերժում է ստացել: Ավելին՝ նրանք Արա Աբրահամյանին հորդորել են նման քայլի չդիմել, քանի որ դրսից եկած մարդու նկատմամբ Հայաստանում դժվար է քվե ստանալը:
ՓԱԿԵԼ ԵՆ ՆԿԱՐԸ
Երեւանի «Դոլմամա» ռեստորանը, որտեղ բավական հաճախ այցելում է Սերժ Սարգսյանը, պարզվում է՝ որոշել է իր պատվավոր հյուրերի «ցանկից» հեռացնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լուսանկարը: Բանն այն է, որ ռեստորանի պատին փակցված են ռեստորանի հարգարժան այցելուների լուսանկարները, եւ վերջերս Տեր-Պետրոսյանի լուսանկարն «անհետացել» է այնտեղից: «Ժողովուրդ»-ը զրուցեց ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանի հետ, որն ասաց, թե նման բան չկա: «Երեք նախագահ կա, երեքի լուսանկարն էլ պետք է, որ այնտեղ լինի, կարող ենք միասին նայել»,- ասաց Ավանյանը: Տեղում արդեն ռեստորանի սեփականատիրոջ հետ պարզեցինք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի լուսանկարի դիմաց ինչ-որ թղթեր են դրվել եւ փակել: Ժիրայր Ավանյանը հավելեց, որ իրեն որեւէ մեկը չի կարող ասել, որ լուսանկարը «հեռացնի»: Ավելին՝ սեփականատերը վստահեցրեց, որ կցանկանար՝ Լեւոն-Տեր Պետրոսյանը հաճախ այցելի իր ռեստորան:
ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈԼԱՊՍԸ
Հերթական կոլապսն է հասունանում Հայաստանի տնտեսությունում: Շատ հավանական է՝ հայկական գարեջրի արտադրությունը մոտ ապագայում կանգնի կրախի առաջ: Բանն այն է, որ ներմուծված գարեջուրը անհասկանալիորեն սկսել է գնային առումով մրցունակ դառնալ տեղականի հետ, թե ինչի հետեւանք է այս ամենը՝ մաքսային կոմբինացիաների, Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման, մաքսային աճպարարության, դժվար է ասել, բայց փաստ է, որ տեղական գարեջրի արտադրության անկումը կարող է բերել Երեւանում, Գյումրիում եւ Աբովյանում հազարավոր աշխատատեղերի փակման, ինչպես նաեւ՝ բյուջետային մուտքերի կտրուկ նվազման:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՊՕՐԻՆԻ՞ ԵՆ ՊԱՀՈՒՄ
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի եղբոր որդու` Արայիկ Ենոքյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը «Ազատությանն» ասել է, որ թեււ ՀՔԾ քննիչը մեկ տարին լրանալու կապակցությամբ որոշում է կայացրել Արայիկ Ենոքյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացնելու մասին, սակայն մինչ օրս Ենոքյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ Ա. Ենոքյանը հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար։ Վեճը եղել էր 6 միլիոն դոլարի շուրջ, որը հենց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) գումարն էր եղել: Արայիկ Ենոքյանը 2013 թվականին համաներմամբ ազատ էր արձակվել, ամիսներ անց արդեն մեղադրվել էր Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ եւ մինչ օրս կալանքի տակ է: Գեղամ Հակոբյանի խոսքով՝ ՀՔԾ-ի քննիչի որոշմամբ՝ Արայիկ Ենոքյանը պետք է ազատ արձակվեր դեռ հունիսի 10-ին։ «Նրանք ինչ-որ բան են հորինել եւ առանց օրինական հիմքի այս պահին նրան պահում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում»,-ասել է պաշտպանը:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ երեկ Կառավարությունում տեղի է ունեցել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Քննարկել են հյուրատնային գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան ձեռնարկատիրության արտոնություններից օգտվելու հնարավորություններ սահմանելու եւ տեղական տուրքերի սահմանման տարանջատված մոտեցում կիրառելու հարցերը:
«ԱՇԽԱՏԱՍԵՐՆԵՐԸ»
Երեկ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ արտահերթ նստաշրջանը շարունակվելու է: Նա հայտնել է, որ շաբաթ եւ կիրակի օրերին նիստեր չեն անցկացվի, բայց դրանք կշարունակվեն երկուշաբթի` ժամը 11:00-ից: Այս հայտարարությունից հետո պատգամավորների դժգոհության ձայնարկումներին ի պատասխան` Սահակյանն ասել է. «Ի՞նչ, ուզում եք` շաբաթ-կիրակի էլ նիստեր անենք, շատ աշխատասերն եք»:
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը ՆԱՏՕ-ի ԽՎ ՌՈՈՒԶ ՌՈԹ սեմինարի ժամանակ, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ասել է. «Այսօր ակնհայտ է մի բան՝ բանակցությունները հանգեցրել են գաղափարների, սակայն ոչ արդյունքների: Կողմերի միջեւ ամենաբարձր մակարդակով վստահության բացակայությունը ամենամեծ խոչընդոտներից է»: Ըստ նրա՝ հաջորդ լուրջ խնդիրը տարածաշրջանում առկա սպառազինության մրցավազքն է: «Ադրբեջանի պաշտպանությանն ուղղված բյուջեն ավելի բարձր է, քան Հայաստանի ողջ բյուջեն եւ այս հարցում քաղաքական կամք պետք է լինի՝ համաձայնության գալու եւ փոխզիջումների գնալու պատրաստակամության համար,¬ ասել է Ֆորը` հավելելով, – երկու երկրների նախագահները վախենում են քննադատությունից»: