Beeline-ը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարում են Դիջիքեմփ երրորդ ամենամյա ճամբարի անցկացման մասին: Այս տարի տեխնոլոգիական ճամբարը կանցկացվի հուլիսի 6-ից մինչև 16-ը Դիլիջանում: Ճամբարին կմասնակցեն 14-22 տարեկան տասնյակ երիտասարդներ:
Դիջիքեմփի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներգրավված երիտասարդության համախմբումը, մոտիվացնող և կրթական միջավայրի ձևավորումը, երիտասարդ սերնդի ոգեշնչումը` ստեղծելու սեփական բիզնես և բիզնես ծրագրերը:
Ամառային ճամբարի մասնակիցները կծանոթանան տեխնոլոգիաների ոլորտում կարծիքների առաջատարների և ոլորտի առաջատար ընկերությունների հաջողության պատմությունների հետ, կլսեն մասնագետների դասախոսությունները և ձեռք կբերեն պրակտիկ ու տեսական գիտելիքներ հարկային օրենսդրության, բիզնես-մոդելավորման, շուկայի գնահատման, ներդրումներ գրավելու, նոր ընկերությունների գրանցման և առաջխաղացման վերաբերյալ:
«Հայաստանն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի տեղական շուկայի զարգացման մեծ ներուժ, սակայն այսօր այս արտադրությունը թույլ է զարգացած: Նման միջոցառումներն ուղված են այս բացը լրացնելուն, տեղական շուկան զարգացնելուն, ինչը, իր հերթին, թույլ կտա արագացնել ընդհանուր առմամբ ամբողջ ոլորտի զարգացումը: Ճամբարի կազմակերպման գործում մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում, որպեսզի մասնակցեն երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից: Սա մեզ հնարավորություն կտա փնտրել տաղանդներ նույնիսկ երկրի ամենահեռավոր բնակավայրերում», – նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը:
«Երիտասարդությունը ինչպես միշտ գտնվում է Beeline-ի ուշադրության կենտրոնում: Մենք նախևառաջ ձգտում ենք աջակցել նրանց, ովքեր իրենց ուժերով փորձում են հասնել հաջողության: Ես առավել քան վստահ եմ, որ այս տարի ճամբարի երիտասարդ մասնակիցները մեզ հաճելիորեն կզարմացնեն իրենց գաղափարներով, իսկ ձեռք բերված գիտելիքները կօգնեն նրանց հաղթահարել նոր բարձունքներ ձեռնարկատիրության ոլորտում: Միասին մենք կդարձնենք կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ լավագույն բիզնես ծրագրերի հեղինակները կստանան տարբեր մրցանակներ Beeline-ի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:
Հիշեցնենք, որ 2014 թ. եզրափակիչ փուլ անցած մասնակիցների եռյակը գլխավորեց Սերմնացան ռոբոտի ծրագիրը, երկրորդ տեղը զբաղեցրեց «Top Tariff» բջջային հավելվածի ծրագիրը, որը հետագայում լայն տարածում գտավ Հայաստանում սմարթֆոն օգտագործողների շրջանում: Հավելվածը բաժանորդի կողմից շարժական կապի ծառայությունների համար օգտագործված գումարի վերլուծության հիման վրա առաջարկում է շուկայում գործող սակագնային փաթեթներից ամենաշահավետը: Երրորդ տեղը զբաղեցրեց պաղպաղակի արտադրության համար նախատեսված ավտոմատ մեքենայի ծրագիրը: