Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2015թ. ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտին են մոտենում մայթերի բետոնե սալիկների տեղադրման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է 2 ուղղություններով. մայթերի այն հատվածները, որտեղ տարիների ընթացքում առաջացել են նստվածքներ, սակայն նախկինում տեղադրված սալիկները անվնաս են մնացել, դրանք ընդամենը վերատեղադրվում են: Հետագա շահագործման համար ոչ պիտանի, վնասված կամ կոտրված սալիկներն էլ փոխարինվում են նորերով:
Մինչ օրս իրականացվել է նախատեսված ընդհանուր ծավալի գերակշիռ մասը: Այս տարի, ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների, բակերի ու այգիների, մեծ ուշադրություն դարձվեց նաև Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հետիոտնային ճանապարհների նորոգմանը: Ծրագրով նախատեսվում է նաև նորերով փոխարինել Հանրապետության հրապարակին հարակից մայթերի՝ նախկինում տեղադրված, սակայն վնասված կամ կոտրված տրավերտինե և բազալտե սալաքարերը:
Մայրաքաղաքի մայթերի սալիկապատման 2015թ. աշխատանքների ավարտը նախատեսված է հոկտեմբերի վերջին,սակայն ծրագիրը նախատեսված ժամկետից շուտ կավարտվի: