Երիտասարդությունը պետք է ձևավորի նոր քաղաքական հարթակ. «Հիմնադիր խորհրդարան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը.

 

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը դրական առումով առանձնահատուկ է, որովհետև դրա ողնաշարն իր երկրին տեր կանգնող երիտասարդությունն է թե որպես մասնակից, թե որպես կազմակերպիչ:

Երիտասարդության անսպառ էներգիան, հնարամտությունը և ազնվությունը վերականգնեցին ժողովրդի հավատն իր ուժերի նկատմամբ:

Այդ հավատն ամրապնդվեց նաև այն պատճառով, որ պայքարող ժողովուրդը շոշափեց ռեժիմի ուժերն ու համոզվեց, որ նա կորցրել է նախկին հզորությունը և լուրջ ճնշման դեպքում ի վերջո կնահանջի ու կհանձնվի իր կամքին:

Սակայն պայքարը միայն էլեկտրաէներգիայի սակագնի չեղարկման պահանջով սահմանափակելու պարագայում, եթե անգամ հաջողության հասնենք, չենք  կարողանալու խուսափել էներգետիկայի ոլորտում մեզ սպառնացող փլուզումից, որը, իր հերթին, շղթայական ռեակցիայով հանգեցնելու է ամբողջ տնտեսության փլուզման:

Իսկ էներգետիկայի ոլորտում նման աղետալի վիճակ է առաջացել տարիներ շարունակ անպատասխանատվության և անպատժելիության մթնոլորտում տեղի ունեցած թալանի պատճառով, որին մասնակցել են ինչպես ՀԷՑ-ի օտար կառավարիչները և էներգետիկայի ոլորտի կազմակերպությունները, այնպես էլ ոլորտի նկատմամբ տնտեսական և քաղաքական վերահսկողություն իրականացնող պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, առաջին հերթին՝ երկրի ղեկավարությունը:

Ուստի այս աղետալի վիճակից հնարավոր է դուրս գալ միայն մեղավորներին քաղաքական պատասխանատվության ենթարկելու և երկրում արմատական քաղաքական փոփոխություններ իրականացնելու միջոցով:

Սակայն երկրում առաջացած յուրահատուկ իրավիճակի պատճառով, որի պայմաններում ռեժիմին հաջողվել է բանտապետական կարգեր հաստատել և փոշիացնել քաղաքական դաշտը, հնարավոր չէ այս հարցերը լուծել դասական քաղաքական ուժերով և մեթոդներով, այն է՝ միջկուսակցական պայքարի և ընտրությունների միջոցով:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը, հաշվի առնելով ժողովրդի մոբիլիզացիայի գործում երիտասարդության արձանագրած աննախադեպ դրական արդյունքները, որպես լուծման ցանկալի տարբերակ, երիտասարդներին առաջարկում է ընթացող պայքարին զուգահեռաբար ստանձնել նաև նոր քաղաքական հարթակ ձևավորելու նախաձեռնությունը:

Ենթադրվում է, որ այդ հարթակում պետք է հանդես գան քաղաքական պատասխանատվություն ստանձնելու ունակ երիտասարդներ, ինչպես նաև չվարկաբեկված հասարակական և քաղաքական գործիչներ ու մտավորականներ, որոնց թվից հետագայում պետք է կազմավորվի իրավիճակի հաղթահարման նպատակով մեղավորների քաղաքական պատասխանատվության և քաղաքական լուծումների ապահովման միասնական ճակատ:




Լրահոս