ԴԺՎԱՐ Է ԲՌՆԱՊԵՏԻ ԴԵՄ ԳՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ԲՀԿ մամուլի ծառայությունը տեղեկություն տարածեց, որ ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրելու իր թեկնածությունը եւ ոչ մի թեկնածուի չի սատարելու, ՀԱԿ-ը ստանձնեց ԲՀԿ-ի դերը՝ իմանալ չհայտնելու մասով: Կոնգրեսից ոչ ոք լրատվամիջոցների հետ չէր խոսում, ոչ ոք հստակ դիրքորոշում չէր արտահայտում: Միայն ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը համաձայնեց պատասխանել «Ժողովուրդ»-ի հարցերին:
-Պարո՛ն Եղիազարյան, արդեն քանի ամիս է՝ ամբողջ քաղաքական դաշտը, շունչը պահած, սպասում էր Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Ի վերջո, այդ հայտարարությունը եղավ, որին ՀԱԿ-ը չէր սպասում: Այսքանից հետո ի՞նչ է անելու Կոնգրեսը:
-Շատ դժվար է Հայաստանի պես երկրում գնալ բռնապետի դեմ, դա շատ դժվար հարց է, հանաք մասխարություն չէ: Հիմա եթե Դուք ինձ հարցնեք, թե ես մեղադրում եմ Գագիկ Ծառուկյանին, ապա կասեմ՝ իհարկե չեմ մեղադրում, որովհետեւ այստեղ անմիջապես գործի կանցնեն, եւ այլ մեթոդներ կկիրառվեն: Հիշե՛ք, որ սա Հայաստանն է, ես հո Եվրոպայի՞ց չեմ եկել, որ հրճվանք ապրեմ սրանց ժողովրդավարությունից: Էս ամեն ինչը հիմարություն է, նման բան չկա:
-Այսինքն՝ ըստ Ձեզ, ճնշումները ազդեցի՞ն, որպեսզի Ծառուկյանը նման որոշում կայացնի ու իրեն հեռու պահի «բռնակալից»:
-Չեմ կարող ասել՝ վախից ելնելով կամ էս ու էն դրույթով, ուղղակի ես Ձեզ տեղեկացնում եմ, թե մենք որտեղ ենք ապրում: Ես ուղղակի հիշեցնում եմ, թե մենք ինչ երկրում ենք ապրում: Ձեզ ավելին ասեմ. հիշո՞ւմ եք, թե անցած նախագահական ընտրություններում, բացի հիմնական թեկնածուներից, քանի հոգի կային: 7-8 հոգի դրել էին, այս անգամ 10-15 հոգի կդնեն, որպեսզի որպես խամաճիկներ՝ ինչ-որ ձայներ հավաքեն: Բայց գիտեք, որ այդ խամաճիկներին իրենց տան անդամներն անգամ ձայն չեն տա: Մենք նման երկրում ենք ապրում, եթե էս պարագայում ԲՀԿ-ն որոշեց սեփական թեկնածուով չգնալ, ապա ես այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ես հաստատ գիտեմ, որ մենք մեր թեկնածուով ենք ընտրություններին մասնակցելու:
-Բոլորին հայտնի է, որ ՀԱԿ-ն անհամբեր սպասում էր, թե ԲՀԿ-ն ինչ որոշում է կայացնելու, ու հիմնականում վստահություն կար, որ ԲՀԿ-ն ՕԵԿ «չի դառնա» ու ընդդիմադիր կեցվածքը կպահի: Սակայն այսօր այլ իրականություն եղավ, Կոնգրեսն ի՞նչ է անելու:
-ՀԱԿ-ը ոչ մեկից ոչ մի բան չէր սպասում, ես իմ անձնական կարծիքն եմ ասում ու նորից պնդում եմ՝ ՀԱԿ-ն ընտրություններին կգնա իր թեկնածուով: Իհարկե, կան նաեւ մարդիկ, որոնք ասում են, թե պետք է բոյկոտել ընտրությունները, քանի որ սրանք արդեն գումարները պատրաստել են, որպեսզի իրենց ուզած թվերը նկարեն, դա արդեն պարզ երեւում է իրենց գործունեությունից:
-Դեռեւս ամիսներ առաջ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական վերլուծություններ էր արել եւ այն եզրակացությանը եկել, որ ճիշտ կլինի՝ ՀԱԿ-ը իր հետագա ճանապարհը շարունակի ԲՀԿ-ի հետ: Փաստորեն, վերլուծությունը չիրականացավ:
-Ես նման վերլուծություն չեմ հիշում: Մի բան կարող եմ ասել, որ երբ ես հիմա նայում եմ ԲՀԿ պատգամավորների պահվածքին, նայում եմ ԲՀԿ-ականների միջեւ, տեսնում եմ մամուլը, տեսնում եմ, որ այդ կուսակցությունում շատ առողջ մտածում են եւ մտահոգված են մեր երկրի ապագայի համար: Մարդիկ լրջագույնս մտահոգված են: Ու մի բան էլ նշեմ, որ ես չգիտեմ, թե ամսի 4-ից հետո, երբ հայտարարվի, թե ովքեր են լինելու թեկնածուները, ԲՀԿ-ն ինչ հայտարարություն կանի: Ի վերջո, այդ կուսակցությունում միանձնյա որոշումներ չեն ընդունվում, քաղխորհուրդ կա, կուսակցականներ կան, ինչ իմանամ, թե մի 20 օր հետո կուսակցությունն արտահերթ համագումար չի հրավիրի ու որոշում չի կայացնի: Դրա մասին ոչ ոք ոչինչ չի կարող ասել:
-Հիմա ՀԱԿ-ը դավաճանված չի՞ զգում իրեն, քանի որ ՀԱԿ-ԲՀԿ «սիրավեպն» այդպես էլ լավ ավարտ չունեցավ:
-Ինչի՞ պետք է ՀԱԿ-ն իրեն դավաճանված զգա, երբ որ ես միշտ ասել եմ՝ մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, որը մտահոգված է հայ ժողովրդի ապագայով, իր երկրի կայացմամբ:
-Բայց ԲՀԿ-ն այդ հայտարարությամբ ապացուցեց, որ ինքը չի էլ ուզում ազատվել այս իշխանություններից, ինքն ուղղակի իր ձեռքերը «լվաց» ու հեռու կանգնեց:
-ԲՀԿ-ի, Գագիկ Ծառուկյանի հետ կապված հարցերին ես չեմ կարող պատասխանել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս