2013-Ն ԻՐ ՏԱՐԻՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտենում է նոր` 2013 թվականը: Շատերն արդեն տոնական եռուզեռի, առեւտրի մեջ են, բայց կան նաեւ մարդիկ, որոնք չեն մտածում նախապատրաստվելու մասին` ամեն ինչ թողնելով վերջին օրվան: Դերասանուհի ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ նույնպես չգիտի, թե իրենք ընտանիքով ինչպես եւ որտեղ են դիմավորելու Նոր տարին:
-Վերջերս անընդհատ շրջագայությունների մեջ էի, նախօրոք ոչինչ չենք կարողանում պլանավորել: Այս տարի էլ այդպես է ստացվել: Դեռ չգիտեմ՝ որտեղ ենք նշելու Նոր տարին: Մտածում էինք երկրից դուրս գնալու մասին, բայց այս անդադար թռիչքներից հետո չգիտեմ՝ մենք ի վիճակի կլինենք կրկին նոր տեղ մեկնել:
-Ի՞նչ թռիչքներ:
-Հրանտը նոր է վերադարձել ԱՄՆ-ից, ես էլ մի հաղորդաշար եմ պատրաստում ու շրջագայում եմ ողջ աշխարհում: Կոչվում է «Քաղաքների խաչմերուկներում», ներկայացնում ենք երկիրը, կարելի է ասել, իմ աչքերով: Այնպես է, որ այս 2 ամսվա ընթացքում այցելել եմ Հնդկաստան, Նեպալ, Դուբայ, Բեյրութ, Կիպրոս… Դրա համար էլ հիմա դժվարանում եմ ասել՝ ինչ ենք անելու: Բայց ամեն ինչ էլ հնարավոր է, միգուցե հենց վերջին պահին էլ որոշենք, հավաքվենք, մի տեղ գնանք: Եթե նույնիսկ Հայաստանում չլինենք, տանը միշտ պատրաստություն տեսնում ենք: Մեր բացակայության ժամանակ էլ սեղանը լիքն է, թողնում ենք այն ամենը, ինչը չի փչանում: Չի կարելի դատարկ սեղանով Նոր տարի դիմավորել:
-Փոքրիկ Լիլիթը հասցրե՞լ է նամակ գրել Ձմեռ պապիկին:
-Ինքն այս տարի Ձմեռ պապիկից աղջկական պուլտով մեքենա է ուզում: Մենք տարվա ընթացքում էլ հասցրել ենք իրականացնել իր բոլոր ցանկությունները: Մեզ մոտ միայն Ձմեռ պապիկ չէ, Աշուն պապիկ էլ ունենք, Ամառ պապիկ էլ, Գարուն պապիկ էլ:
-Հիշում եմ՝ անցած տարի՝ մեր զրույցի ընթացքում, նշեցիք, որ ամենահիշվող Նոր տարին եղել է այն ժամանակ, երբ 4 Ձմեռ պապ ու Ձյունանուշ եք հրավիրել:
-Եթե այս տարի էստեղ լինենք, նմանատիպ օրիգինալ բան կկազմակերպենք: Ու միանշանակ էնպես կանենք, որ այս տարին էլ հիշվող լինի:
-Ի՞նչ եք ակնկալում նվեր ստանալ:
-Ես ուզում եմ խաղաղություն, հոգու խաղաղություն, որ բոլորը հոգեպես հանգիստ լինեն, ու յուրաքանչյուրն իր մասնագիտության մեջ լինի արհեստավարժ, ունենա սպառվելու, ռեալիզացվելու տեղ: Երբ մարդ ռեալիզացված է ու կարեւոր հասարակության համար, ինքը ե՛ւ երջանիկ է, ե՛ւ առողջ: Երբ մարդիկ չարությամբ են լցվում, նրանց մոտ դեպրեսիա է սկսվում, թող այդ տեսակ երեւույթներ չլինեն:
-Ի դեպ, հոգեբանները պնդում են, որ 21-րդ դարը դեպրեսիաների դարաշրջան է:
-Ես ընդհանրացված ոչ մի բանի կողմ չեմ: Ամեն մարդ իր անհատականությունն ունի, յուրաքանչյուրը պետք է այնքան կոփի իրեն, որ ամեն դժվարության դիմանա ու գտնի ճիշտ լուծումը: Օպտիմիստ եմ իմ տեսակով, փորձում եմ վայրկյանից, օրից քաղել մաքսիմալը ու լինել երջանիկ հենց օրով, չսպասել մեծ երջանկության: Փոքրիկ երջանկություններով կարողանամ լցնել իմ կյանքը: Ու եթե գլոբալ առումով վերցնենք, ես ինձ համարում եմ երջանիկ մարդ:
-Իսկ ուժեղ կի՞ն:
-Առաջինը՝ ուժեղ մարդ, ուժեղ կին չեմ ընդունում: Կինը պետք է լինի մի փոքր թույլ՝ իհարկե, ունենալով իր ներքին ուժը: Կանայք սկսել են իրենց վրա ավելի շատ պատասխանատվություն վերցնել, որը պետք է թողնել տղամարդուն:
-Այսօր Ձեր կոլեգաներից էլ կան Ազգային Ժողովում, ինչպե՞ս եք նայում ակտիվ կանանց:
-Շատ լավ եմ վերաբերվում, դա իր ընտրած ուղին է, իր ճանապարհը: Ու ես կարծում եմ, որ նույնիսկ այդտեղ կինը պետք է իր հմայքով վերցնի, նկատի չունեմ ուրիշ բաներ: Կնոջ 6-րդ զգայարանը շատ ուժեղ է, զարգացած, ու ինքը շատ անգամ կարող է ինտուիտիվ կերպով ճիշտ որոշումներ կայացնել: Կինը պետք է պարզապես ճիշտ ուղղորդի տղամարդուն՝ պատասխանատվությունը թողնելով նրա վրա:
-Կարծեմ 2013 թվականը Ձեր տարին է…
-Այո՛, ինչպես ասում են, ես եկող տարվա տեր-տիրականն եմ: Տարուց սպասում եմ, որ ինձ չի մատուցի վատ անակնկալներ: Ինչ վերաբերվում է ինձ, չեմ նստելու թախտին ու սպասեմ լավ բաների: Նույն էներգիայով աշխատելու եմ ու փորձելու եմ իմ տարին հնարավորինս ճիշտ օգտագործել անձիս համար` վստահ լինելով, որ աստղերը բարենպաստ են տրամադրված:
-Աստղագուշակ ընթերցե՞լ եք:
-Դեռ ոչ, բայց կընթերցեմ՝ չնայած դա ինձ համար կարեւոր դեր ու նշանակություն չունի, ուղղակի հետաքրքրության համար եմ ընթերցում, դա էլ մի զբաղմունք է, ինչպես թղթախաղը:
-Ձեր ամանորյա մաղթանքը:
-Շնորհավորում եմ բոլորիս գալիք տարին ու մաղթում շատ սեր` երեք հատ սեր. մեկը՝ անձի հետ կապված, մյուսը՝ հասարակության հանդեպ, երրորդն էլ՝ հայրենիքի, հողի ու ջրի:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս