Շատ անգրագետ տեքստ է. Արամ Կարապետյանը` Սահմանադրության նոր նախագծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը հայտնել էր, երեկ հրապարակվել էր նոր Սահմանադրության 1-7 գլուխների նախնական տարբերակը: Նշենք, որ արված փոփոխություններով ՀՀ նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով, ԱԺ-ն էլ  կձևավորվի համամասնական ընտրակարգով: Նախագծի նախնական տարբերակի առնչությամբ Armlur.am-ը զրուցեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ:

Մինչ նոր նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելը, Կարապետյանը նշեց, որ պետք է դիտարկել` Հայաստանում ինչի համար են պետք սահմանադրական բարեփոխումները: «Ընդհանրապես Սահմանադրությունն աշխարհում բարեփոխում են մի քանի դեպքերում. երբ որ նոր իրավիճակ է ստեղծվում, երբ որ ֆորմացիայի փոփոխություն  է լինում…: Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Երբ որ երկրում իշխանությունը, Սերժ Սարգսյանը ոչինչ բարեփոխել չի ուզում ու չի կարողանում, սկսում է բարեփոխել օրենքները և սահմանադրությունը: Խորհրդային Միության ժամանակ այդպես վարվում էր Բրեժնևը», – ընդգծեց Կարապետյանը:

Անդրադառնալով ներկայացրած նախագծին` Կարապետյանը նշեց, որ անգրագետ նախագիծ է ներկայացված: «Բարեփոխման այս տեքստն իրավական առումով նոնսենս է, շատ անգրագետ տեքստ է, անգլուխ և անմիտ առաջարկ: Քաղաքագիտական ոչ մի կատեգորիայի մեջ չեն մտնում, որովհետև շիլաշփոթ են սարքել` գերմանականը խառնելով ամերիկականի հետ: Այս խառնաշփոթը վատ վիճակի մեջ է բերելու առանց այն էլ վատ վիճակի մեջ գտնվող Հայաստանին», – հավելեց նա:

Անդրադառնալով այն տեսակետին, որ ընդդիմությանը վերապահված լիազորություններն ավելացել են, Կարապետյանը նշեց, թե նորանկախ Հայաստանի պատմության մեջ ընդդիմության դերն ավարտվել է հրապարակներում` ջրցաններով, կրակներով, մահակներով:

Նա առաջարկեց նաև ընդդիմությանը նոր նախաձեռնությամբ հանդես գալ` ուղղված Հայաստանի լյուստրացիայի մասին օրենքի ընդունմանը: «Եկեք լյուստրացիա անենք, տեսնենք, թե որ մարդն ում վրա է աշխատում», – եզչափակեց նա:




Լրահոս