Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից մայրաքաղաքում շարունակվում է անօթևանների հավաքագրման, ժամանակավոր կացարանում տեղավորման և նրանց սոցիալական աջակցության ցուցաբերման գործընթացը։
Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանը հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել և արդեն մի քանի տարի իրականացնում է մայրաքաղաքի անօթևաններին ժամանակավոր կացարաններում տեղավորելու ծրագիրը: Ներկայումս կացարանում բնակվում են նաև նախկինում Կենտրոն վարչական շրջանի տարածքի կիսակառույցներում, կանգառասրահներում, շենքերի մուտքերում, այգիներում, աղբարկղներին հարակից հատվածներում գիշերող մարդիկ:
Վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ, համագործակցելով անհատ բարերար Հերմինե Սարգսյանի հետ, օրերս վարչական շրջանի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ Էվելինա Եղիազարյանը բարերարի հետ այցելել են կացարանի բնակիչներին: Նրանք ծանոթացել են կացարանի պայմաններին, բնակիչներին հագուստ և կոշիկներ նվիրել:
Նշենք, որ դեռևս 2011 թվականի տարեվերջին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մշակված սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ֆինանսավորմամբ և հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ լուծվել են ոչ միայն կացարանի, այլև այնտեղ բնակվողների սննդի, հիգիենայի, խնամքի և առաջնահերթ այլ միջոցառումների կազմակերպման խնդիրները: