Պաղեստինցի աղջնակը լացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցից հետո: Միջադեպը գրանցվել է փախստականների հետ կանցլերի հանդիպման ժամանակ: Մերկելը հայտարարել է, որ ոչ բոլոր ներգաղթյալները կարող են մնալ երկրում, ոմանք ստիպված են լինելու հայրենիք վերադառնալ, հայտնում է The Local-ը:
Ռիմ անունով աղջիկը պատմել է, որ կցանկանար շարունակել իր ուսումը Գերմանիայում: Նա 4 տարի սովորել է գերմանական դպրոցում ու այդ ընթացքում լավ յուրացրել է գերմաներեն ու անգլերեն լեզուները: Սակայն դպրոցականի ընտանիքը ստիպված է լինելու լքել երկիրը, քանի որ նրա հայրը բնակության ժամանակավոր իրավունք ունի:
Մերկելն անդրադաձել է այդ խնդրին՝ նշելով.
«Հասկանում եմ, սակայն քաղաքականությունը երբեմն չափազանց բարդ է: Հազարավոր պաղեստինցիներ ապրում են Լիբանանում փախստականների համար նախատեսված ճամբարներում: Եթե մենք այժմ նրանց ասենք «դուք բոլորդ կարող եք ժամանել ու մնալ», մենք պարզապես դրանից գլուխ չենք հանի»: Աղջիկն ի պատասխան սկսել է լաց լինել:
Միջադեպից հետո սոցկայքերի օգտատերերը քննադատություններով հարձակվել են կանցլերի վրա:
«Քրիստոնյա, քաղաքական գործիչ, գիտնական… և այս բոլոր տեսանկյուններից նա սխալ թույլ տվեց»,- գրել է «Թվիթերի» օգտատերերից մեկը: