Այսօր ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի ավիացիայի ոլորտի խնդիրների վերաբերյալ, որտեղ մասնակիցները հայտնել են, իրենց բարձրացրած հարցերը, մտահոգություններն ու առաջարկները պետք է հուլիսի 17-ին քննարկեն նաև ՀՀ կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:
ՀԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկաները քննարկել են Բաց երկնքի քաղաքականության ընդունումից հետո Հայաստանի քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը, տեղական ավիափոխադրողներ ունենալու անհրաժեշտությունը, մրցակցությանը դիմագրավելու համար տեղական ավիաընկերություններին պետական աջակցություն տրամադրելու հարցը, տեղական քաղավիացիայի զարգացման հարցը` իբրև անվտանգության կարևորագույն գործոն, ավիացիոն ոլորտի օրենսդրությանը, կադրային քաղաականությանը վերաբերող և այլ հարցեր:
ՀԽ օդային տրանսպորտի ենթահանձնաժողովի անդամները մտահոգիչ են համարել ներկա իրավիճակը` ներկայացնելով ոլորտը բարեփոխելու առաջարկներ:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը, ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Ադբաշյանը, ենթահանձնաժողովի այլ անդամներ, ինչպես նաև «Ալյանս» ավիաընկերության տնօրեն Արարատ Սարգսյանն ու «Ֆենիքս ավիա» ընկերության հիմնադիր, օդաչու Հակոբ Ճաղարյանը:
Քննարկման մասնակից ավիաընկերությունների հիմնադիրները ներկայացրել են խնդիրները ներսից` իրենց հերթին առաջարկելով ոլորտը բարեփոխելու որոշակի լուծումներ:
«Ալյանս» ավիաընկերության տնօրեն Արարատ Սարգսյանը մտահոգություն է հայտնել, որ իր կողմից դեռևս 2013 թվականին Քաղավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացվել` որպես տեղական ավիափոխադրող թռիչքներ իրականացելու թույլտվություն ստանալու նպատակով, սակայն մինչ օրս թույլտվություն չի ստացել: Ընկերության տնօրենն անհրաժեշտ է համարել ոչ միայն մեկ, այլ մի քանի հայկական ավիափոխադրողների մուտքը հայկական ավիացիոն շուկա, ինչը շահեկան է Հայաստանի համար թե՛ տնտեսական և թե՛ անվտանգության տեսանկյունից:
Նշենք, որ այս պահին շահագործողի վկայական ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից տրվել է 7 ավիաընկերությունների: