Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող փոփոխություններով, ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունեց նոր Սահմանադրությամբ ընդդիմությանը տրվող լուրջ լիազորությունների փաստը և այն համարեց ժողովրդավարության ցուցանիշ:
«Այդ ժամանակ, երբ որ ԱԺ կանոնակարգ-օրենքի շրջանակում ԱԺ փոխնախագահը ստիպված կլինի որեւէ պատգամավորի խոսափողն անջատել, այդ ժամանակ չեն բողոքի, թե իշխանությունը զրկում է ընդդիմությանը ձայնից», – նկատեց Շարմազանովը:
Նա նշեց, որ ընդդիմադիր փոխնախագահին ընտրելու է ընդդիմությունը, իսկ իշխանությունն այդ թեկնածուի առաջադրմանը չի մասնակցելու:
Իսկ լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավորները դժգոհ չեն, որ նոր Սահմանադրությամբ անցում է կատարվում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի: