Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր քաղաքացիական ակտիվիստների լուսանկարներով և հայհոյախառն արտահայտություններով նկարներ են տարածվել մայրաքաղաքում: Armlur.am-ի հետ զրույցում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն, ում լուսանկարը ևս դրանց մեջ է, ասաց` կոնկրետ ինչ-որ մեկին չի կարող մատնանշել. «Բայց համոզված եմ, որ դրանք այն քաղաքացիական հագուստով անձինք են` կլինեն ոստիկաններ կամ թիկնազորի աշխատակցիներ, որոնց դեմ մենք այս պահին պահանջ ենք դրել հարուցել քրեական գործեր: Համոզված եմ` կամ իրենք են, կամ իրենց հարազատ բարեկամները»,- նշեց Մաքսիմ Սարգսյանը:
Ըստ նրա` այս մարդիկ սրանով ցույց են տալիս իրենց ճղճիմությունը. «Դրանով ցույց են տալիս իրենց անզորությունը: Բոլորն էլ գիտեն` ով ով է, ինչով է զբաղվում»:
Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ ինքը ոստիկանություն չի դիմել, քանի որ վստահություն չկա, որ կբացահայտվի. «Ինչքան բացահայտեցին տրանսպորտի թանկացման դեմ պայքարողների նկատմամբ կատարված նմանատիպ դեպքերը, այդպես էլ սա պիտի բացահայտեն էլի»:
Նշենք, որ ակտիվիստներից Արտուշ Այդինյանին էլ որպես վիրավորանք լուսանկարի վրա գրել էին «Երվանդ Զախարյան»: