«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Իրանի միջուկային ծրագրի շուրջ հուլիսի 15-ին Վիեննայում կայացած համաձայնությունից երեք օր հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին զանգահարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա հետ քննարկեց պատժամիջոցների վերացումից հետո Իրան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարը: Դատելով պաշտոնական հաղորդագրություններից՝ տեղի է ունեցել բավական բովանդակալից խոսակցաթյուն:
Այս տեղեկատվությունը անհանգստացնող է դառնում այն փաստի ֆոնին, որ Իրանի շուրջ տեղի ունեցած միջազգային համաձայնությունների կայացումից հետո Իրան-Հայաստան բարձր մակարդակի որևէ շփում տեղի չի ունեցել: Սերժ Սարգսյանը չի զանգահալել Հասան Ռոհանիին, վերջինս չի զանգահարել Սերժ Սարգսյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի կառավարության որևէ ներկայացուցչի հետ չի շփվել, իրանցի իրենց գործընկերների հետ շփումներ չեն ունեցել ո՛չ ՀՀ ԱԳ նախարարը և ոչ էլ Ազգային ժոդովի նախագահը:
Ասել, թե սա մեծ ողբերգություն է, չի կարելի, իհարկե: Բայց տարածաշրջանում տեղի ունեցող բուռն փոփոխությունների ֆոնին հայ-իրանական լռությունը մի տեսակ ճնշող տպավորություն է թողնում: Հայաստանը հերթական անգամ ռազմավարական մրցակցության վիճակում է Թուրքիայի հետ՝ Իրանի վառելիքի արտահանման ուղի դառնալու իմաստով: Բայց որևէ նշան չկա, որ Հայաստանի իշխանության վերնախավում ինչ-որ բան անում են այս ուղղությամբ: Այստեղ կարծես էն գլխից հարմարվել են մտայնության հետ, թե որևէ բան չի ստացվի: Իսկ չստացվելու ամենամեծ պատճառն այն է, որ Ռուսաստանը սկզբունքորեն դեմ է, որ իրանական գազը հոսի դեպի Եվրոպա, և ուրեմն Հայաստանը այս հարցում չի էլ փորձում որևէ բան անել: Իսկ սա նշանակում է ռազմավարական ճակատամարտը Թուրքիային տանուլ տալ նույնիսկ առանց մարտի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։