Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը հարազա՞տ մարդու «ձեռքի գործն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ երեկ Աջափնյակ վարչական շրջանում էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը զուգորդված է եղել ավազակային հարձակմամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ):

Անի Մաջնունյանին հասցվել է դանակի ավելի քան 20 հարված, իսկ հանցագործը դանակի շեղբը թողել է զոհի մարմնում: Էքստրասենսի բնակարանն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։

Անի Մաջնունյանի հարևաններն էլ կարծում են, թե տեղի ունեցածը սպանվածին մոտ կանգնած կամ հարազատ մեկի «ձեռքի գործն է»: Սա նրանք Armlur.am-ի հետ զրույցում բացատրեցին այն հանգամանքով, որ Մաջնունյանը երբևէ անծանոթ մարդկանց առջև «իր երկաթյա դուռը չէր բացում». «Ճիշտ է՝ նա միշտ անծանոթների հետ էր գործ ունենում, բայց նրա հետ նախապես պայմանավորվում, հետո էին այցելում: Ուրեմն՝ գիշերվա այդ ուշ ժամին կա՛մ այցելուներից մեկն էր, ով նախապես էր պայմանավորվել, կա՛մ հարազատներից մեկը»:

Անի Մաջնունյանի հարևանուհին՝ Սոֆյան, ասաց, որ ամբողջ շենքում վախի մթնոլորտ է ստեղծվել, որևէ մեկը չի կարողանում հասկանալ՝ ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ մի մարդու հետ, ով բոլորին լավ էր վերաբերվում, երբևէ մարդկանց հետ խնդիրներ չէր ունենում. «Շատ գնալ-գալ չունեինք նրա հետ, բայց ամեն տեսնելով` ջերմ բարևում էինք իրար, միշտ մեզ լավ խորհուրդներ էր տալիս: Ֆինանսական խնդիրներ էլ չուներ հաստատ: Ի՞նչ խնդիրներ կամ հոգսեր պետք է ունենար: Երեխաներ չուներ, ամուսին չուներ: Մայրն Աշտարակում է ապրում, եղբայրը՝ Ռուսաստանում, ինքն էլ մենակ էր»,- պատմեց տիկին Սոֆյան:

Վերջինիս փոխանցմամբ` իրենք այնպես են վախեցել տեղի ունեցածից, որ երեխաներն իրենց տանը չեն գիշերել. «Բոլորս շոկի մեջ ենք, վախեցած: Չգիտենք էլ՝ ինչ մտածենք: Նրա այցելուները միշտ բնակարանի դուռը շփոթում էին: Եվ, իրոք, առանց բացառության բոլորը միշտ սխալ դուռ էին ծեծում: Նրան սպանողը շատ լավ իմացել է, որ միայնակ է ապրում, դուռը որն է, որ ժամին կարող է գալ: Ասում են՝ դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել: Զարմանալի է, որ ճիչ, աղմուկ, ձայն, ոչինչ չենք լսել, գոնե օգնության կանչ չի լսվել: Բայց ախր հարուստ էլ չէր, որ ասենք՝ տանելու բան կար: Երևի ինչ-որ մեկը գիտեր, որ սեանս է ունեցել, էդ գումարն էին եկել գողանալու»:

Հավելենք, որ «6-րդ զգայարան» հաղորդաշարի ստեղծագործական խումբը ևս չի կարողանում հասկանալ՝ ով կամ ինչու պետք է նման կերպ վարվեր Անի Մաջնունյանի նկատմամբ: Նրանք վստահ են, որ տեղի ունեցածը չի կարող որևէ կապ ունենալ հաղորդման հետ, քանի որ արդեն մի քանի ամիս է՝ նկարահանումներին չէր մասնակցում: Նոր եթերաշրջանին ևս մասնակցություն չէր ունենալու:

Ի դեպ, էքստրասենս Կարեն Ափոյանը iravunq.com-ի հետ զրույցում ասել էր, որ ինքը վերջերս Անի Մաջնունյանին զգուշացրել է, որ իրեն հետևի, զգույշ լինի: Էքստրասենսի խոսքով` ինքը կանխազգացել է, որ գործընկերուհու կյանքի թելը կարճ է լինելու:




Լրահոս