Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հունիսի 26-ի վճռով սնանկ է ճանաչվել: Սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ Աշոտ Աղաբաբյանը միտումնավոր է գնացել սնանկացման ճանապարհով:
«Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի աշխատակիցները այս տարվա հունիսի 8-ին դիմել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Նշենք, որ ընկերության աշխատակիցները չեն ստացել այս տարվա փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսների աշխատավարձերը: Թվով 75 աշխատակիցների աշխատավարձային պարտքի գումարը կազմում է 19 մլն 823 հազար 169 դրամ: Իսկ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը: Եւ այս տարվա հունիսի 26-ին դատարանի վճռով «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ:
Հիշեցնենք, որ վերջերս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկացման ճանապարհով է գնում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շնորհիվ:
Սակայն այս օրերին ակտիվ քննարկվում է, որ Աշոտ Աղաբաբյանը միտումնավոր է գնում սնանկացման ճանապարհով, քանի որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ»-ից այլեւս չէր կարողանում եկամուտ ստանալ: Բանն այն է, որ «Հրազդան» տոնավաճառն այլեւս եկամտաբեր բիզեես չի համարվում, քանի որ տոնավաճառի նախկին առեւտրականները, որոնք տեղի վարձավճարների բարձրացման պատճառով լքել էին իրենց առեւտրի կետերը, այժմ հաստատվել եւ առեւտրով են զբաղվում Գագիկ Ծառուկյանին պատկանող, Առինջում նոր կառուցված տոնավաճառում:
Բացի այս՝ եկամտաբեր բիզնես չէր համարվում նաեւ մարզադաշտը: Իսկ, ահա, Աշոտ Աղաբաբյանն էլ, հայտնի հերոս Քաջ Նազարի նման, այս ողջ ընթացքում «կերավ, խմեց, քեֆ արեց», հիմա էլ միտումնավոր սնանկանում է:
Տեղեկացնենք, որ Աղաբաբյանին են պատկանում նաեւ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքները, որոնք նա տարիների ընթացքում իրենը դարձրեց եւ դրանք գրանցեց իր հարազատների անուններով:
Ընկերության սնանկացման հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Աշոտ Աղաբաբյանի հետ, սակայն վերջինս հայտարարեց, որ չի ցանկանում մեզ մեկնաբանություն տալ:
Այնուամենայնիվ, զրուցեցինք «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ընկերության սնանկության գործերով կառավարիչ Հայկ Կոշեցյանի հետ: Վերջինիցս հետաքրքրվեցինք, թե այս պահին ընկերության սնանկացման գործընթացը ո՞ր փուլում է: «Մինչեւ պարտատերերի առաջին ժողովը դեռ ոչինչ հստակ չէ: Իսկ այդ ժողովն էլ կկայանա սեպտեմբերի 1-ին: Կանխատեսումներ անել չենք կարող: Գուցե մինչեւ սեպտեմբերի 1-ը ընկերությունը կարողանա առողջացման ծրագիր ներկայացնել, բայց առայժմ ոչինչ հայտնի չէ»,- ներկայացրեց Կոշեցյանը:
Մեր զրուցակցից հետաքրքվեցինք՝ պատգամավորը միտումնավո՞ր է սնանկացման գնում. «Միտումնավոր սնանկացում չի լինում: Գույքի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլն դոլար, իսկ պարտքերը կազմում են 3 մլն դոլար: Ընկերությունը նաեւ հարկային պարտավորություններ ունի, որոնք պետք է կատարի»:
«Ժողովուրդ»-ի հարցին` իրավաբանորեն հնարավո՞ր է 50 մլն դոլարի գույքով փակել 3 մլն դոլարի պարտքը, Կոշեցյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել: Ինչպես է հնարավոր՝ 50 մլն դոլար արժողությամբ գույքով փակել 3 մլն դոլարի պարտքը: Չի կարող նման բան լինել: Դա ձեռնտու չէ: Դա ձեռնտու կլինի այն ժամանակ, երբ որեւէ մեկը գնելու առաջարկ անի, բայց ինձ թվում է, որ ուրիշ ոչ մեկին չի հետաքրքրի»: Իսկ ինչ կլինի «Հրազդան» մարզադաշտի ճակատագիրը: Այս հարցին ի պատասխան՝ սնանկության գործերով կառավարիչը նկատեց, որ մարզադաշտը գրավադրված է:
Ի դեպ, «Հրազդանի կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի պարտատերերի ցանկում տեղ է գտել նաեւ պահնորդական ծառայություն իրականացնող հայտնի «Ալֆա-Դելտա» ընկերությունը: Սա այնքանով է ուշագրավ, որ այս ընկերությունը շրջանառվող լուրերի համաձայն՝ պատկանում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: Ասել է թե` Աշոտ Աղաբաբյանը պարտք է նաեւ սեփական քրոջ որդուն պատկանող ընկերությանը:
Անկախ նրանից, թե ինչով կավարտվի այս գործընթացը, ամեն դեպքում դժվար է չնկատել, որ բավականին տարօրինակ է, երբ 50 մլն դոլար արժողությամբ գույք տիրապետող ընկերությունն ընդամենը 3 մլն դոլար պարտքի պատճառով սնանկ է ճանաչվում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆՈՐԻՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Երեկ Կառավարության դիմաց հավաքվել էին «Չենք վճարելու 5 տոկոսը» նախաձեռնության մոտ 20 անդամ, ովքեր դեմ են «Շրջանառության մասին» օրենքի փոփոխված տարբերակին, ըստ որի՝ շրջանառության հարկը դառնում է 5 տոկոս: Հավաքվածները նամակ հանձնեցին Կառավարությանը, որով ներկայացնում են իրենց դժգոհությունը եւ պահանջում 5 տոկոսը դարձնել 3,5 տոկոս: Նրանք հիմնականում անհատ ձեռներեցներ են, ովքեր նշում են, որ իրենց չի գոհացնում այս օրենքը եւ 5 տոկոս շրջանառության հարկը: Հիշեցնենք, որ օրենքի վերջնական տարբերակով ՓՄՁ ներկայացուցիչները փաստաթղթավորման բացակայության դեպքում նախկին 3,5 տոկոսի փոխարեն ստիպված են լինելու վճարել 5% շահութահարկ: Իսկ այն ՓՄՁ-ները, որոնք կհամաձայնեն կատարել պարտադիր փաստաթղթավորում, վճարեն 1 % շահութահարկ:
«Չենք վճարելու» նախաձեռնության անդամները պնդում են, թե նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այս 1,5 ամսվա ընթացքում գրանցվել է առեւտրաշրջանառության կտրուկ եւ էական անկում՝ մոտ 15-20%-ի չափով: