Խակասիա Հանրապետության ՌԴ Քննչական կոմիտե սեպտեմբերի 3-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Սայանոգորսկի շենքերից մեկում հայտնաբերվել է բռնի մահվան հետքերով 57-ամյա տղամարդու դի:
Հանցագործություն կատարելու մեջ կասկածվում է մահացածի կինը՝ Սայանոգորսկի 50-ամյա բնակչուհին: Հետաքննության վարկածի համաձայն՝ ամուսինը վերջին շրջանում սպիրտային խմիչքներ է չարաշահել, չի աշխատել ու վաճառել է համատեղ ձեռք բերված ունեցվածքը՝ ալկոհոլ գնելու համար:
Սեպտեմբերի 3-ի գիշերը, որպեսզի ամուսինը չկարողանա տանից դուրս գա ու խմիչք գնի, կինը ջեռուցման խողովակից երկաթե շղթայով պարանոցից կապել է ամուսնուն ու այդ վիճակում նրան թողել: Արդյունքում տղամարդը խեղդամահ է եղել: