Այսօր ԵԽԽՎ ազատ բանավեճի հարթակում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Դարասկզբից ԵԽԽՎ անդամ դարձան հետխորհրդային տարածքի պետությունները: Ակնկալվում էր, որ անդամակցելով եվրոպական մեծ ընտանիքին՝ մենք մաս կդառնանք համաեվրոպական արժեհամակարգի, փոխանակելով մեր փորձն ու հարստացնելով միմյանց մեր քաղաքակրթական ու պատմամշակութային ձեռքբերումներով: Բայց կյանքը միշտ բերում է իր սրբագրումները և, վստահ եմ, որ շատերդ կհամաձայնեք` մենք դեռ չենք հասել մեր նպատակներին:
Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հակասությունների պատճառները բոլորիդ հայտնի են, վստահ եմ՝ բոլորդ ուզում եք հակամարտության լուծումը և տարածաշրջանին խաղաղություն ու տնտեսական զարգացման հնարավորություններ տալը: Իբրև Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար վկայում եմ, որ մենք ամենից շատ ենք դա ուզում և կարծում եմ՝ նույնը կասի Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը: Ուրեմն ՝ ինչու՞ այս հարթակը դարձնել առճակատման դաշտ ,այս հարթակում բանավիճել հարցերի մասին, որոնց լուծման մանդատ ԵԽԽՎ-ն չունի: Բայց ԵԽԽՎ-ն ունի վստահության ու փոխըմբռնումի մթնոլորտ ձևավորելու պարտավորություն, իր հեղինակությունն ու ազդեցությունը ի շահ խաղաղության գործադրելու հնարավորություն, որը չի օգտագործվում:
Յուրաքանչյուր նստաշրջանում շարունակվող քաղաքական պատերազմով բոլորս լրացուցիչ բարդացնում ենք ԵԽԽՎ Մինսկի խմբի աշխատանքը, մինչդեռ հակառակը պիտի լինի: Մենք չենք հրաժարվում մեր սկզբունքներից, ունենք մեր փաստարկներն ու հիմնավորումները: Բայց մենք գնահատում ենք այս բարձր քաղաքական հարթակի նշանակությունն ու համաեվրոպական կարևորությունը, միջազգային հարցերում ազդեցությունը և կարևորում ենք ԵԽԽՎ որոշումների ու բանաձևերի հեղինակությունը, որոնք չպետք է տարբեր խմբերի ու խմբավորումների հատվածական շահերը պաշտպանեն, այլ պիտի համապատասխանեն մեր ժողովուրդների ընդհանրական շահերին:
Մենք ակնկալում ենք, որ Վեհաժողովի բոլոր պատվիրակները պատրաստ կլինեն ժողովուրդների երկխոսության, փոխադարձ վստահության հաստատման: Որպես 5 երեխաների մայր, կցանկանայի հիշեցնել՝ բոլորս պատասխանատու ենք մեր զավակների և ապագա սերնդի առաջ, եկեք մտածենք այս խնդրի շուրջ:
Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ ընդունում եք, թե ոչ, ճանաչում եք, թե ոչ, աշխարհում կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի քաղաքացիներն ամենից շատ խաղաղություն են ուզում, բայց ապրում են շարունակվող պատերազմի պայմաններում: Արտ են հերկում, տուն կառուցում, երեխաներ են ունենում, միջազգային դիտորդների գնահատականով՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ են անում: Եթե մենք իսկապես շահագրգիռ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ, մենք պետք է հարգենք նրանց կյանքի և զարգացման իրավունքը: Ստեփանակերտը ԵԽԽՎ քարտեզից դուրս չէ, Եվրոպայի մի մասն է, գնացեք ու անձամբ տեսեք՝ ինչ է այնտեղ կատարվում»: