Ի տարբերություն մինչ այս Հայաստանում եղած բոլոր ընդդիմադիր առաջնորդների՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ի սկզբանե որդեգրել է այնպիսի գերճկուն մարտավարություն, որը նրան հնարավորություն է տալիս անգամ թվում է` ամենանահանջողական քայլը ներկայացնել որպես մարտավարական հնարք, որպես հայկական իրականության համար նոր` ամերիկյան մոդելի ամբոխավարության դրսեւորում: Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե մեր երկրում բոլոր գրասենյակները` անկախ դրանց կուսակցական կամ գերատեսչական պատկանելությունից, ժողովրդինն են, եւ ինքը որեւէ խնդիր չունի այս կամ այն կուսակցության կամ գերատեսչության ղեկավարի գրասենյակ այցելելու հարցում: Հետեւաբար` պետք չէ զարմանալ, եթե մի օր, ասենք, պարզվի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այցելել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ` բարեւելու հերթական գիշերային նիստն անցկացնող ՀՀԿ ԳՄ անդամներին: Կամ թե` Րաֆֆիի եւ նրա ղեկավարած «Ժառանգության» տեսակետների անհամապատասխանությունն ամենատարբեր հարցերում, ինչպես օրինակ` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցում, երբ Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե արտահերթ նիստ հրավիրելն իր ցանկությունն ու պահանջը չէ` այն ժամանակ, երբ «Ժառանգություն» խմբակցությունը հենց այդ հարցի շուրջ մի քանի օր շարունակ ԱԺ նախագահի մոտ ընթացող խորհրդակցություններում փորձում էր հասնել արտահերթ նիստի հրավիրմանը: Բայց եթե Րաֆֆի Հովհաննիսյանի այս գերճկուն մարտավարությունը մի կողմից նրա համար ապահովում է մանեւրելու գրեթե անսահմանափակ դաշտ, մյուս կողմից լղոզում է նրա քայլերի քաղաքական տրամաբանությունը` այդպիսով ինչ-որ տեղ անլրջացնելով ինքնին հակաիշխանական պայքարը: Իհարկե, Րաֆֆին միշտ էլ աչքի է ընկել իր անկանխատեսելի գործելակերպով. նրա քայլերի քաղաքական տրամաբանությունը երբեք էլ մինչեւ վերջ հասկացված չի եղել ո՛չ իր քաղաքական մրցակիցների, ո՛չ էլ անգամ սեփական թիմակիցների կողմից: Եվ դատելով վերջին օրերի քայլերից` «բարեւի հեղափոխության» առաջնորդը կարծես թե այս անգամ եւս մինչեւ վերջ ընկալելի չէ ոչ միայն իր հետ հարթակ բարձրացած «Հայ հեղափոխական դաշնակցության», ՀԱԿ-ի նախկին համակիրների մի ստվար զանգվածի, այլեւ սեփական թիմակիցների համար: Եվ այս առումով բավականին հետաքրքիր է, թե ինչ է ասելու կամ գուցե` նաեւ անելու Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքում, որին, ինչպես գիտենք, նա հրավիրել է ՀՀ նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին: Արդյոք նա կբավարարվի իր հրավերները երկրորդելով, թե ինքը կգնա, օրինակ, Երեւանի քաղաքապետարան` բարեւելու Տարոն Մարգարյանին: Այս վերջինն, ի դեպ, ձիով քայլ կլինի` ժողովրդին ցույց տալու համար, որ Րաֆֆիի առջեւ փակ դռներ չկան, միեւնույն ժամանակ` որոշակի ուղերձներ հաղորդելով կապված Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների հետ: Այլ հարց, եթե իշխանություններն այնքան խելամիտ գտնվեն, որ իրենք Տարոնին ուղարկեն հրապարակ` բարեւելու Րաֆֆիին եւ ժողովրդին:
ԲԱՐԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ