Հոկտեմբերի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ամր Ալջովեյլիին։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-եգիպտական ավանդական ջերմ բարեկամական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և Հայաստանը շահագրգիռ է առավել խորացնելու տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը Եգիպտոսի հետ:
Ամր Ալջովեյլիին, փոխանցելով Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիի ողջույններն ու բարեմաղթանքները, նշեց, որ իր երկիրն արժևորում է բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է առավել ջանքեր գործադրելու դրանք ամրապնդելու համար։ Նա կարևորեց եգիպատահայ համայնքի ներդրումն ու դերակատարությունը իր երկրի զարգացման գործում։
Կողմերը հանգամանալից քննարկեցին հայ-եգիպտական համագործակցության զարգացման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը՝ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ս.թ. հոկտեմբերի 9-11-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։