«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Ր. Հովհաննիսյանի տարածած երեկվա հայտարարությունից հայտնի դարձավ, որ առաջիկայում հանրությանը կներկայացվի սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող եւս մեկ ուժ, կամ ինչպես նշված էր հայտարարությունում` նոր փրկության ճակատ` «Նոր Հայաստան» անվամբ: Սահմանադրական փոփոխություններից ընդամենը 2 ամիս առաջ ընդդիմադիր դաշտը զբաղված է ոչ թե համակարգված աշխատանքներով, ոչ թե հանրապետության բոլոր բնակավայրերում հանրաքվեի կեղծման գործընթացը կանխելուն ուղղված կոնկրետ միջոցառումների կազմակերպմամբ, այլ դեռեւս գտնվում է կազմավորման փուլում` նորանոր ճակատներ, նախաձեռնություններ ձեւավորելով եւ տարատեսակ վերամբարձ ու դատարկ հռչակագրեր ստորագրելով:
Փաստորեն անցած ամիսները ցույց տվեցին, որ Ս. Սարգսյանի համար շատ հեշտ եղավ ապահովել «Այո»-ի շուրջ քաղաքական կոնսոլիդացիան, իսկ Սահմանադրության փոփոխության դեմ ի սկզբանե այդքան համախմբված եւ սկզբունքային թվացող ընդդիմության մոտ այդպես էլ ոչ մի կերպ չի հաջողվում հասնել «Ոչ»-ի շուրջ կոնսոլիդացիայի: Ինչպես հայտնի է՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու նպատակով արդեն իսկ ստեղծվել են «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, «Հանրային փրկության ճակատը», «Ազգային փրկության ճակատը», «Ոչ-»-ի ճակատը, հիմա էլ սրանց գալիս է միանալու «Նոր Հայաստան» ճակատը: Դրանցից դուրս էլ գործում են մեկ-երկու կուսակցություններ, որոնք «դեմ» լինելով` չեն ցանկանում ներգրավվել ճակատներից եւ ոչ մեկում, կամ էլ ճակատայիններն իրենք չեն ուզում նրանց հրավիրել:
Եվ հիմա հերթական անգամ հանրության մոտ հարց է առաջանում` ինչն է խանգարում, որ այդ բոլոր ուժերը միավորվեն մեկ միասնական ձեւաչափի մեջ եւ խոսելուց անցնեն կոնկրետ գործողությունների` յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով փորձելով իր ռեսուրսները ներդնել Սահմանադրության հանրաքվեն վիժեցնելու գործընթացին: Թե չէ այսպես ստացվում է, որ այս բոլոր «փրկության ճակատները» կամա թե ակամա ջուր են լցնում իշխանության ջրաղացին` ապակողմնորոշելով Սահմանադրության փոփոխություններին ընդդիմացող քաղաքացիներին, որոնք չեն կարողանում կողմնորոշվել, թե, ի վերջո, որ ճակատն է «իսկականը», եւ ում հետեւից իրենք պետք է գնան:
Դատելով ընդդիմադիր ուժերի ներկայիս վարքագծից` կարելի է առանց սխալվելու մտավախության պնդել, որ այս անգամ էլ ընդդիմադիր ուժերի առաջնորդներն իրենց անհասկանալի ամբիցիաների եւ դրա հետ մեկտեղ խոսքից գործի անցնելու անպատրաստակամության կամ էլ պարզապես անկարողության արդյունքում չեն կարողանալու որեւէ լուրջ հակազդեցություն ցույց տալ իշխանություններին, եւ դեկտեմբերի 7-ին հերթական անգամ ականատեսն ենք լինելու իշխանությունների իրականացրած կեղծիքների մասին ընդդիմության առաջնորդների լալահառաչ հայտարարություններին, որոնցից հանրությունը հոգնել է ոչ պակաս, քան իշխանությունների ընտրակեղծարարություններից: