«7 ու կես»-ը վերամիավորվո՞ւմ է. (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆուրորե», «Բեռնարդ շոու», «Լավագույններից լավագույնը» եւ այլ վարկանիշային հեռուստածրագրերից հայտնի հումորիստ, սցենարիստ Արմեն Վարդանյանը տեւական ժամանակ է` էկրաններին չի երեւում, նրա մոտ, ինչպես ինքն է ասում, հետկադրային տրամադրություն է: «Հիմա բեմական գործունեությամբ եմ զբաղված, կոմերցիոն բնույթի ներկայացումների վրա եմ աշխատում, ի դեպ, այժմ ստեղծագործական խմբով նոր ներկայացում ենք պատրաստում, որի մասին փակագծեր բացել դեռ չեմ կարող: Դա է պատճառը, որ հեռուստատեսության համար այլեւս ժամանակ չի մնում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Արմենը:

7.5

Արդյոք ստեղծագործական խումբը, որի մասին խոսում է Արմենը, կապ ունի «7 ու կես» հումորային նախագծի կազմի հետ, եւ արդյոք իրեն, Արտյոմին, Ռաֆոյին, Հովոյին, Հայկոյին եւ Մկոյին հնարավոր կլինի երբեւէ կրկին միասին, մեկ նախագծի շուրջ տեսնել: Մեր այս հարցին հումորիստը պատասխանեց. «Նոր ներկայացման կազմը «7 ու կես»-ի կազմի հետ կապ ե՛ւ ունի, ե՛ւ չունի, ի դեպ, կա մեկ այլ թիմ, որի հետ աշխատում ենք դեռ իննսունականներից, խոսքը «Զսպանակ»-ի մասին է: Իսկ ինչ վերաբերում է «7 ու կես»-ի կազմը վերականգնելուն, ապա, իհարկե, երբեք չի կարելի ասել երբեք, սակայն գնալով դրա հավանականությունը նվազում է, իմ կարծիքով` 99 տոկոսով դա չի լինի»:

Փոխարենը, Արմենի խոսքով, չի բացառվում, որ ինքն ու Արտյոմ Մարկոսյանը կրկին միասին հանդես գան որեւէ հեռուստանախագծում. «Արտյոմի հետ միշտ ունենում ենք նոր մտքեր, հիմա զբաղված ենք բեմական աշխատանքով: Ճիշտն ասած` ես էլ, Արտյոմն էլ լավ պատկերացնում ենք, թե ինչ կարելի է անել` բարձր վարկանիշով հաղորդում ունենալու համար, սակայն չենք ուզում անել: Բանն այն է, որ չենք պատկերացնում` ինչ կարելի է անել, որ այն դուր գա հեռուստադիտողների մեծամասնությանը, միեւնույն ժամանակ, որ մենք էլ մեր աշխատանքը հաճույքով կատարենք…»,- մեկնաբանեց նա:

1395851_1429202280628836_109122840_n

Արմենի խոսքով` ինքը հեռուստատեսությունից պարբերաբար առաջարկներ է ստանում, բայց այն կարծիքին է, որ իր` մի քանի ձմերուկ բռնելու տարիքն անցել է: Ամեն դեպքում, եթե ստեղծագործական լայն հնարավորություններով հաղորդում վարելու հնարավորություն լինի, կընդունի առաջարկը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս