Սահամանդրական բարեփոխումներով փորձ է արվել նոր մակարդակի հասցնել դատական իշխանության անկախությունը. ՍԴ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մանրամասն քննարկել է Հայաստանի դատական իշխանության անկախության ամրապնդմանն ուղղված ժամանակակից մարտահրավերների բոլոր ասպեկտները` փորձելով դրանց տալ այնպիսի լուծումներ, որոնք կկարողանան որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել այն:

«Արմենպրես»-­ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծում դատական իշխանության վերաբերյալ ամրագրված նոր դրույթներին: «Մեր առջև խնդիր էր դրված երաշխավորել ոչ միայն սոսկ դատական համակարգի անկախությունը, այլև արդյունավետ արդարադատության ապահովումը և դրա նկատմամբ համարժեք հանրային վերաբերմունքի ձևավումը»,­ բացատրեց ՍԴ նախագահը: Հարությունյանն առանձացրեց երեք առանցքային և արմատական հարցեր, որոնք լուծվել են սահմանադրական մակարդակում: Մանսավորապես, սահմանադրական փոփոխությունների նախագծի համաձայն` դատական օրենսգիրքը և Սահմանադրական դատարանի մասին օրենքը դառնալու են օրգանական օրենքներ և ԱԺ­ում ընդունվելու են ձայների 3/5-­ով:

«Սահմանադրական մակարդակով շեշտը դրվել է դատական համակարգի գործառույթների հստակեցման, ինստիտուցիոնալ փոխհարաբերությունների խնդրի արդյունավետ լուծման վրա: Ձգտել ենք ապահովել այնպիսի ընթացակարգեր, որոնք կկարողանան դինամիկայում երաշխավորել դատական իշխանության անկախությունը` անհրաժեշտ հակակշիռների, զսպումների մեխանիզմի միջոցով»-,­ նշեց Հարությունյանը:

Նախագծում ամրագրված դրույթներով կմեծանա նաև Սահմանադրական դատարանի դերակատարությունը: Սահմանադրական դատարանն այլևս իրավասու է լինելու քննել դատարանի և իշխանության այլ մարմինների միջև լիազորությունների հարցով ծագած վեճերը: Հստակեցվել են դատարանների կողմից Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունները և պարտականությունները: Մյուս փոփոխությունն այն է, որ որևէ իրավական նորմի սահմանդրականության վերաբերյալ հիմնարար կասկած ունենալու դեպքում դատարանները հնարավորություն կունենան դիմել սահմանադրական դատարան, և նրանց միջնորդությունը քննության կառնվի կոնկրետ այդ գործի քննության համար:

«Սա որակապես նոր վիճակ է: Սահմանադրական դատարանն անհատական դիմումները քննելիս ոչ միայն գնահատելու է նորմի սահմանադրականությունը, այլև իրավակիրառման պրակտիկայում դրան տված մեկնաբանությունը, որը նույնպես չափազանց կարևոր է»,­ -ընդգծեց ՍԴ նախագահը` հավելելով, որ Սահմանադրական դատարանի քննության առարկա են դառնալու նաև բոլոր տեսակի իրավական ակտերը:




Լրահոս