Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «ԱրմԹեք-2015» համաժողովի բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «ԱրմԹեք-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի բացմանը: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Կազմակերպման աշխատանքն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ` Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից:

Վարչապետը ողջունել է «ԱրմԹեք-2015» համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին և նշել, որ ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է նորագույն տեխնոլոգիաների տարածման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումների ներկայացման համար: «Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: 2008-2014 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 15-20 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից ոլորտում տարվող արդյունավետ քաղաքականությամբ: Հայաստանում ներկայում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթ», «Սիսկո», «Դ-Լինկ», «Օրաքլ», «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս» և այլ ընկերությունները: «Մայքրոսոֆթ» և «ԱյԲիԷմ» ընկերությունների հետ համատեղ Հայաստանում հիմնվել ու հաջողությամբ գործում են նաև «Մայքրոսոֆթ» ինովացիոն և Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնները:

Ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու և նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով անցյալ տարի ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Արդյունքում ոլորտում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ ստեղծվել են շուրջ 50 սկսնակ ընկերություններ և 200-ից ավելի նոր որակյալ աշխատատեղեր», – նշել է կառավարության ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՏՏ ոլորտի որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը և նշել, որ վերջին տարիներին հիմնվել են մի շարք ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ, այդ թվում` Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը, Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան, «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտը և այլն: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում նաև ոլորտի տարածքային համաչափ զարգացումը, և դրա վառ ապացույցն են հաջողությամբ գործող Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Կապանի շարժական լուծումների լաբորատորիան, ինչպես նաև նոր ստեղծվող Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: «Միևնույն ժամանակ մեր կողմից իրականացվում են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրեր, մասնավորապես` Նորարարության զարգացման, Գյումրու ու Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհների, Վենչուրային ֆոնդի, Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրերը և այլն:

Կարևորում ենք նաև, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ ու մշակումներ իրականացնող և ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում: Մենք հետևողականորեն շարունակելու ենք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունը», – շեշտել է վարչապետ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկեր կազմակերպություններին Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար և արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք մաղթել համաժողովի մասնակիցներին:

ԱրմԹեք առաջին համաժողովը կայացել է 2007 թ. Սան Ֆրանցիսկոյում, ինչից հետո համաժողովն ամեն տարի հաջորդաբար անցկացվում է Հայաստանում և ԱՄՆ-ում: Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը` այդ գործընթացում ներգրավելով նոր մասնակիցների և համաշխարհային տեխնոլոգիական հանրության հեղինակավոր ներկայացուցիչների: Ամեն տարի միջոցառմանը մասնակցում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր մասնագետներ և կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներից:
«ԱրմԹեք-2015» համաժողովի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներ, սթարթափ աքսելերացիա և տարածաշրջանային զարգացում, կրթություն, հետազոտություն և մասնագիտական զարգացում: Զուգահեռ անցկացվելու են նաև Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի «STEP» Վենչուրային կոնֆերանսն ու «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» բիզնես գաղափարների մրցույթի 2015 թ. ամփոձիչ միջոցառումը: Այս տարի առաջին անգամ՝ հոկտեմբերի 14-ին, Լեռնային Ղարաբաղի տեխնոլոգիական զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով «ԱրմԹեք» համաժողովի հատուկ նիստ կանցկացվի նաև Ստեփանակերտում: Այն կազմակերպվել է ՀՀ և ԼՂՀ կառավարությունների աջակցությամբ:




Լրահոս