Հնարավոր չէ նոր Սահմանադրության դեմ պայքարը դարձնել իշխանափոխության պայքար և հաջողության հասնել. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ողջունում է «Նոր Հայաստան» ճակատի ստեղծումը և հետագայում պատրաստ է որպես քաղաքացի մասնակցել նրանց հանրահավաքներին:

Արամ Կարապետյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ մշտապես ողջունում է ցանկացած ընդդիմադիր գործչի գործունեություն, որը կարող է Հայաստանում ինչ-որ փոփոխությունների բերել:

«Ինքս միշտ ունեմ սովորություն՝ եթե ինչ-որ բանի դեռ չեմ մասնակցում, աշխատում եմ մարդկանց չխանգարել: Ես այդ ամենին մասնակցելու եմ որպես սովորական քաղաքացի, որպես քաղաքական անձ չեմ միանալու, այնտեղ չեմ լինելու: Բայց միայն հաջողություն եմ ցանկանում իրենց»,- հավելեց նա:

Արամ Կարապետյանի խոսքով` հնարավոր չէ նոր Սահմանադրության ընդունման դեմ պայքարը դարձնել իշխանափոխության պայքար և հաջողության հասնել:

«Իմ անձնական տեսակետն է՝ դա հնարավոր չէ: Այդ լոզունգով  իշխանափոխության հասնել և դրական արդյունք ձևավորել, հնարավոր չէ, քանի որ սահմանադրական բարեփոխումները ժողովրդի մոտ որևէ մոտիվացիա չեն առաջացնում և շատ մեծ ապատիա կա դրա նկատմամբ: Մարդիկ միայն լռելյայն դեմ են, քանի որ չգիտեն, թե ինչ է սպասվում, բայց դա հիմա դարձնել իշխանափոխության հիմք, անհնար է», – եզրափակեց նա:

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս