Վալերի Պերմյակովը գիտակցել է` ինչ է անում. փորձաքննության արդյունքները պատրաստ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել է մեղադրյալ Վ.Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը, այս մասին ArmLur.am-ին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ եզրակացությամբ փաստվել է, որ Վ.Պերմյակովը հանցավոր արարքի կատարման պահին չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։ Նրա մոտ առկա չեն եղել որևէ ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներ, գիտակցության խանգարման երևույթներ, և նա ամբողջովին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և հակահասարակական բնույթը և ղեկավարել դրանք: Վ.Պերմյակովն իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ։

Միաժամանակ փորձագետները նկարագրել են Վ.Պերմյակովի հոգեբանական բնութագիրը, նրա անհատական-հոգեբանական առանձնահատկությունները, որոնք էապես ազդել են  տվյալ իրավիճակում նրա վարքի վրա։

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, այն ժամանակ, երբ Երևանից, ինչպես նաեւ Գյումրիից մի խումբ մասնագետներ գնացել են ռուսական 102-րդ ռազմաբազայում գտնվող հոսպիտալ եւ թեստեր իրականացրել Ավետիսյան ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի հետ, արդյունքում, զարմացել են Պերմյակովի հիշողության եւ պահվածքի վրա: Ըստ մեզ հասած լավատեղյակ աղբյուրների՝ վերջինիս պահվածքը չափից շատ հանգիստ է եղել: Երբ փորձագետները փորձել են նրանից հետաքրքրվել, թե ինչու է նա սպանել երեխաներին, վերջինս լռելուց հետո ասել է, թե չգիտի. «Բայց ափսոս էին»:




Լրահոս