Մեկնարկել է ներքին աուդիտորների ընկերակցության 35-րդ աշխատանքային հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ Երևանում հոկտեմբերի 13-14-ը մեկնարկել է «Հանրային ֆինանսների կառավարման փոխադարձ աջակցությամբ ուսուցում» (PEMPAL) ծրագրի շրջանակներում գործող հանրային հատվածի ներքին աուդիտորների ընկերակցության 35-րդ աշխատանքային հերթական հանդիպումը` 24 երկրի շուրջ 70 ներկայացուցիչների մասնակցությամբ, այս մասին ArmLur.am-ին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աշխատաժողովի նպատակն է քննարկել հանրային հատվածի ներքին և արտաքին աուդիտի ինստիտուտների միջև միջազգային լավագույն փորձի վրա հիմնված համագործակցության ուղիները: Հայաստանը դեռևս 2010-ից է նախաձեռնել «Հանրային ֆինանսների կառավարման» և «Պետական ներքին ֆինանսական հսկողության» բարեփոխումները. PEMPAL-ի անդամ հանդիսանալը մեր երկրին հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային փորձի փոխանակմանը՝ ռիսկերի գնահատման, որակի ապահովման, ներքին աուդիտի մասնագետների վերապատրաստման, որակավորման և այլ ոլորտներում։

Աշխատաժողովում ներկայացվել են Հայաստանի հանրային հատվածի ներքին աուդիտի բնագավառում իրականացված աշխատանքները և գործող ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգը: ՖՆ ներքին աուդիտի վարչության պետ Կարեն Սեդրակյանի խոսքով` Ֆինանսների նախարարությունում նախարարի անմիջական հսկողությամբ լիարժեք գործում է ներքին աուդիտի համակարգը` ապահովված միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրական և իրավական անհրաժեշտ կարգավորումներով.

«Ներդրված միասնական կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպության ղեկավարը հնարավորություն ունի լիարժեք վերահսկել աուդիտորի կատարած աշխատանքը»:

Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի ֆինանսական կառավարման ղեկավար Արման Վաթյանի գնահատմամբ` վերջին տարիներին մեր երկիրը որոշակի առաջընթաց է արձանագրել ոլորտում, ըստ նրա Հայաստանի փորձն ուսանելի է այլ երկրների համար և ՖՆ-ում ներդրված ներքին աուդիտի համակարգը գործում է արդյունավետ:




Լրահոս