Երեկվա Սերժ Սարգսյանի մամլո ասուլիսից հետո այսօր` Ազատության հրապարակում, բացօթյա ասուլիս է տվել Րաֆֆի Հովհաննիսյանը, ով սկզբում անդրադարձավ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ այսօր Ազատության հրապարակում ընդամենը 3000 քաղաքացի կա:
“Սերժ Սարգսյանը ուզում է, որ մենք 100 հազար հոգի հավաքենք, ինքը կտպավորվի՞ այդ դեպքում եւ հրաժարական կտա՞: Իրա այդ խոսքից սա էր հետեւում: Բայց ասեմ, որ մենք ամեն տեղ ենք՝ փողոցներում զբոսնելիս, ավտոբուս նստելիս եւ ամենուր: Եւ հաղթանակի անկասելիությունը սա է: Սա Րաֆֆու հարցը չէ, սա ժողովրդի հարցն է եւ ես ասել եմ. Ժամանակն է, որ պարոն Սարգսյանը դուրս գա նաեւ իր չափանիշներից՝ տոկոսներ, 3000 եւ այլն, ի՜նչ տոկոսների մեջ է մտել”,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
“Ինձ վերագրում է անպարկեշտ արտահայտություններ, հայհոյանքներ, բայց ասեմ, որ անպարկեշտությունը դա փետրվարի 18-ին տեղի ունեցավ նրա կողմից՝ ձայնի գողության, ստի, կեղծիքի, համատարած խաբեությունների գնով սեփական հաղթանակը տոնելն էր: Դա է անպարկեշտությունն ու հայհոյանքը` ուղղված սեփական ժողովրդին”:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց նաեւ որոշակի մանրամասներ` ընտրություններից օրեր հետո Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից: Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ Սերժ Սարգսյանը ստել է՝ երեկ մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման ժամանակ ասել է, որ ինքն էլ վստահ չէ, որ հաղթել է ընտրություններում:
“Սուտ է այն նախադասությունը, որ ես, իբր ասել եմ, թե ես չեմ հաղթել: Ես ասել եմ հետեւյալը, որ կեղծվել են ընտրությունները, դրա համար ես առաջարկում եմ, որ բացեք 1900 ընտրատեղամասերի քվեատուփերը եւ տեսնենք, որ լցոնումներով հանդերձ` ով է հաղթել: Որից հետո ես իրան առաջարկել եմ՝ նշանակենք երկրորդ փուլ, եւ թող մինչ այդ լինի զրույց երկու տղամարդու միջեւ, դեմ առ դեմ՝ ցանկացած հեռուստատեսությամբ, նա մերժեց:
Առաջարկեցի նաեւ, որ ինքը մնա դե ֆակտո նախագահ եւ, համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո, գնանք համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների, որը եւս մերժեց: Մենք պայմանավորվածություն չենք ունեցել նաեւ որեւէ փաստաթուղթ ուղարկելու մեկս մյուսիս, որովհետեւ ես ասել եմ, որ իմ առաջարկները սպառված ենե:
Ինչ մնում է Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հասցեագրված նամակին, նա պատմեց, որ բոլորովին վերջերս Հովիկ Աբրահամյանի հետ Ազատության հրապարակում հանդիպումից հետո, նրան ուղարկվել է փակ նամակ՝ 2 էջանոց, որը ինչ-որ Սահմանադրական հանձնաժողով-խորհուրդ կազմավորելու մասին է: Այդ նամակը գրված է եղել հետին թվով, դրա համար ետ է վերադարձվել: “Ես ոչ թե խաչ դրեցի` խաչը սուրբ է, շրջան գծեցի եւ իքս դրեցի եւ փակ ծրարով ու իմ ստորագրությամբ ուղարկեցի պարոն Սերժ Սարգսյանին”:
galatv .am